«Խնդրում եմ, այդ հարցն ուղղեք ԱԽ քարտուղարին՝ չեմ մեկնաբանում». Արա Այվազյան

«Եթե Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէ, ուրեմն՝ նշանակում է՝  Թուրքիայի հետ որևէ բանակցություն գոյություն չունի, որևէ ձևաչափով այսօր բանակցություններ չկան»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի հետ որևէ բանակցություն կա՞, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ասում են, որ Թուրքիայի հետ հարաբերություններում պաշտոնական Երևանը պետք է շտկումներ մտցնի։

Հարցին՝ Անվտանգության քարտուղարը երբ ասում էր՝ Թուրքիայի հետ հարաբերություններում պետք է շտկումներ մտցվեն, ի՞նչ նկատի ուներ, Արա Այվազյանը պատասխանեց. «Խնդրում եմ, այդ հարցն ուղղեք ԱԽ քարտուղարին, չեմ մեկնաբանում»։

Մեկ այլ հարցի էլ՝ իշխանությունը, որի գործողությունների հետևանքով երկիրը պարտվեց, եղան բազմաթիվ գերիներ,  կարո՞ղ է Թուրքիայի հետ հարաբերություններում նման շտկումներ անել, Արա Այվազյանը նախ պատասխանեց, թե լրագրողի  գնահատականների հետ համաձայն չէ, ապա շարունակեց.

«Իհարկե, առաջին հարցը պետք է լինի գերիների հարցի շուտափույթ լուծումը՝ առանց որևէ նախապայմանների»։

Ինչ վերաբերում է  պատերազմի օրերին Իսրայելում ՀՀ դեսպանին հետ կանչելու և հետագա գործողություններին, Արա Այվազյանն ասաց, որ պատերազմի ժամանակ արտգործնախարար չի եղել:

Տեսանյութեր

Լրահոս