Ռուսաստանի ռազմական ներկայության շեշտակի ավելացումը մեծապես հարվածի տակ է դրել ՀՀ ինքնիշխանությունը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ ասաց, թե Արցախի պատերազմն ապացույցն է տապալված արտաքին քաղաքականության։

«Խնդրում եմ մեկնաբանեք ռուս-թուրքական փոխգործակցության վերաբերյալ ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը, պաշտոնական Երևանից դրա հետ կապված հայտարարություն չի հնչել։ Նաև՝ Մինսկի խմբի վերագործարկման հետ կապված մեր ջանքերն ո՞ւր են հասել, ի վերջո, Մինսկի խումբ կա՞, թե՞ չկա, քանի որ դրա այլընտրանքը ռուս-թուրքական աքցան է, որի մեջ հայտնվել է Արցախը»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Պատասխանելով՝ Արա Այվազյանը նախ նշեց, որ այս տարի հայկական դիվանագիտությունը նշելու է իր ձևավորման 30-ամյակը, և իրապես այն մի ծառայություն է, որը համարվում է  ինքնիշխան Հայաստանի ձեռքբերումը։

«Ես Ձեզ հետ համաձայն չեմ, որ պատերազմը մեր արտաքին քաղաքականության և հատկապես դիվանագիտության ձախողումն էր։ Նույն ձևով կարելի է  մեղադրել Չեխոսլովակիային, որ իր դիվանագիտությունը տապալեց։ Հայաստանն իսկապես բոլոր ջանքերն է գործադրել այս ողջ ընթացքում, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, նույն բանն արել են համանախագահող երկրները։ Ինչպես վերջերս խոստովանեց Ադրբեջանի նախագահը, նա մերժել է բոլոր փոխզիջումային տարբերակները և երկար ժամանակ պատրաստվում էր հարցի ռազմական լուծման։ Այնպես որ, Հայաստանի դիվանագիտության մեղքը չէ այն, ինչը եղավ»,- նշեց Արա Այվազյանը։

Նա ընդգծեց, որ 26 տարի երկրի դիվանագիտությունն ապահովել է տարբեր իշխանությունների կողմից դիվանագիտության առջև դրված խնդիրները՝ ապահովելով ստատուս-քվո, մինչև հարցն իր լուծումը կգտնի։

Ըստ նախարարի, այս պատերազմը նաև ի ցույց դրեց հայկական կողմի թույլ կողմերը՝ նաև դիվանագիտության մեջ։

«Իսկապես բարդ էր, և մենք այսօր բոլորս մեղավորներ ենք փնտրում, կարծում եմ՝ դրա ժամանակը կգա, իսկ այսօր մենք պետք է կենտրոնանանք ներկայիս խնդիրների լուծման վրա։ Ժամանակը կգա, մենք կվերլուծենք, թե ինչու տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- հավելեց նախարարը։

Ինչ վերաբերում է Ռուսաստան-Թուրքիա փոխգործակցությանը, Արա Այվազյանն ասաց, որ դա երկու երկրների որոշելիքն է, հայկական կողմն ուշադիր հետևում է ռազմավարական դաշնակցի հարաբերություններին Թուրքիայի հետ։

«Կարծում ենք, մեր ռազմավարական դաշնակիցն անհրաժեշտության դեպքում կկատարի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։ Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա պատերազմն ի ցույց դրեց, որ դա Մինսկի խմբի ձախողումն էր, սեպտեմբերի 27-ն ապացուցեց, որ նրանք ձախողվել են։ Հայաստանը շահագրգռված է վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս