Բաժիններ՝

«Պատերազմի ընթացքում վիրավորների թիվը չի անցնում 10.000-ը». Գ. Փաշիկյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցներում Զինված ուժերի զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ Միայն վիրավորների թիվը չի անցնում 10.000-ի շեմը:

Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը:

«Բոլոր վիրավորների թվաքանակից 55 տոկոսն ունեցել են թեթև, 36 տոկոսը՝ միջին ծանրության, 7 տոկոսը՝ ծանր, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր վիրավորումներ»,- նշեց Փաշիկյանը` հավելելով, որ միայն մարտական գործողությունների ընթացքում իրականացվել է ավելի քան 5000 վիրաբուժական միջամտություն, որից 1500-ը ընդհանուր անզգայացման պայմաններում:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը նշեց, որ ամենամեծ կորուստներն ունեցել ենք պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում:

168.am-ի հարցին` ինչ տեսակի վնասվածքներ են հիմնականում ստացել վիրավորները պատերազմի ընթացքում, ռազմաբժշկական վարչության ղեկավարն ասաց, որ պատերազմի առաջին 22-23-րդ օրը եղել են միայն բեկորային վնասվածքներով վիրավորներ:

«Դա խոսում է նրա մասին, որ հակառակորդը կիրառել է ԱԹՍ-ներ և հեռահար հրետանային միջոցներ, այսինքն, զորքի վրա այդպես էր ազդում: Եվ միայն պատերազմի 3-րդ շաբաթից հետո ունեցանք գնդակային վիրավորումներ, երբ հակառակորդի զորքերը մոտեցան և անմիջական կոնտակտ եղավ»:

Մեր հաջորդ հարցադրմանն ի պատասխան Սահակ Օհանյանը տեղեկացրեց, որ ներկա պահին 1500 մարդ շարունակում է բուժում ստանալ: Ավելի քան 800-ը ստացել է հաշմանդամության կարգ` առաջին, երկրորդ, երրորդ:

Իսկ ստեղծված վերականգնողական հոգեբանական կամ հոգեթերապևտիկ կենտրոնում բուժում է ստանում 109 զինծառայող, ավելի քան 500-ն արդեն բուժում ստացել է:

Գնդապետ Օհանյանը նշեց, որ արտերկրում ևս պատերազմի ընթացքում վիրավորվածներից բուժում ստացողներ կան, սակայն թիվը խնդրեց ճշտել ՀՀ առողջապահության նախարարությունից, քանի որ համապատասխան հանձնաժողովը գործում է ԱՆ ներքո, որի կազմում կան նաև ռազմաբժիշկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս