2020-ի հուլիսից առ այսօր ի՞նչ դրական շարժ է եղել Թուրքիայի՝ ՀՀ-ի հանդեպ քաղաքականության մեջ, որ ռազմավարությունում նշված կետերը, ըստ Գրիգորյանի, էլ ուժի մեջ չեն. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ, Razminfo.am կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարզ հարցին. «Մենք Թուրքիային թշնամի համարո՞ւմ ենք, թե ոչ» Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ պատասխանեց, թե Թուրքիայի հանդեպ «մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»։
Բայց… ընդամենը 2020թ. հուլիսի 10-ին իր իսկ ղեկավարած կառույցի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» վերնագրով փաստաթուղթ, որը իր՝ Արմեն Գրիգորյանի պաշտոնական գործունեության գաղափարախոսական, քաղաքական և ծրագրային հիմքը պետք է լիներ։ Իբր։
Դա իր թիմի և անձամբ իր, ինչպես նաև յուր ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի հեղինակած փաստաթուղթ է։ Ավելին՝ նա շատ հպարտ էր այդ փաստաթղթով։
* * *
Թուրքիան այդ փաստաթղթում հիշատակվում է 9 անգամ։ Կարդացե՛ք և հետո փորձեք պատասխանել հետևյալ հարցին. 2020 թվականի հուլիսի 10-ից առ այսօր ի՞նչ դրական տեղաշարժ է եղել Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ քաղաքականության մեջ, որ այս փաստաթղթում բերված պատճառները, ըստ Գրիգորյանի, այլևս ուժի մեջ չեն։
Մեջբերեմ Թուրքիային վերաբերող բոլոր հատվածները…
[էջ 6]
…
2.9 Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն՝ շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը։
2.10 Միաժամանակ, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները։ Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը:
2.11 Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ:
2.12 Թուրքիայում և Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում տեղի ունեցող հետընթացը բացասաբար է անդրադառնում այս երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների կատարման վրա և մեծացնում այս երկրների անկանխատեսելիությունը Հայաստանի համար:
[էջ 11]
…
4.4 Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:
[էջ 21]
…
5.18 Թուրքիայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը հարգելը Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության մասն է կազմում:
5.19 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար:
[էջ 33]
…
7.25 Մեր էներգետիկ քաղաքականությունը միտված է չեզոքացնելու ոլորտի առջև ծառացած սպառնալիքները. կախվածությունը հեղուկ և գազային վառելիքի ներկրումներից, տարանցիկ ենթակառուցվածքների հնարավոր խափանումները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու փորձերը:
* * *
Կարդացի՞ք։ Այստեղ շարադրած փաստարկներից ո՞րն է, որ այսօր այլևս արդիական չէ։ Թուրքիայի քաղաքականությո՞ւնն է բարիդրացիական դառել, հայերի ցեղասպանությո՞ւնն է ճանաչել, դադարե՞լ է անվտանգության սպառնալիք լինել Հայաստանի համար։
Թե՞ ընդհակառակը։
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլի և իր թիմակիցների որևէ բառ՝ ներառյալ պաշտոնական գրավոր խոսքը, իրենց իսկ համար գրոշի արժեք չունի։
Սկի իրենք իրենց ասածին չեն հավատում, բայց համոզում են, որ մենք հավատանք»: