Իրանն ու Չինաստանը 25 տարվա բազմակողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Իրանն ու Չինաստանը մարտի 27-ին ստորագրել են 25 տարվա բազմակողմ համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Համաձայնագիրը Թեհրանում ստորագրել են երկու երկրների արտգործնախարարները՝ Մուհամադ Ջավադ Զարիֆը և Վան Ին:
«Այս փաստաթուղթն առնչվում է տարբեր, այդ թվում և տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում Իրանի և Չինաստանի երկկողմ համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Համոզվել ենք, որ համաձայնագիրը կնպաստի Իրանի և Չինաստանի ռազմավարական բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև կստեղծի պայմաններ երկու ժողովուրդների բարգավաճման համար», – ասվում է ստորագրման արդյունքներով Իրանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Չինաստանի արտգործնախարար Վան Ին նշել է, որ Իրանի հետ իրենց հարաբերությունները որևէ կերպ չեն տուժելու ներկայիս իրավիճակից, այլ շարունակելու են կրել ռազմավարական ու մշտական բնույթ: «Իրանն անկախ է որոշումներ կայացնում մյուս երկրների հետ իր հարաբերություններում և նման չէ որոշ երկրներին, որոնք մեկ հեռախոսազանգով փոխում են իրենց դիրքորոշումը»,- ասել է նա: