«Ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմի պետք են հավատարիմ ոստիկաններ». Գևորգ Գորգիսյանը՝ ոստիկանության աշխատավարձերի բարձրացման մասին

Կառավարության որոշմամբ ոստիկանության Պետական Պահպանության Ծառայության աշխատողների աշխատավարձը 100 տոկոսով բարձրացվել է։

Իշխանության այս քայլը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը որակում է՝ որպես նախընտրական քայլ։

«Ընտրական պրոցեսներում իշխանություններին պետք է լինելու ոստիկանության հավատարմությունը, ավելին՝ ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմին պետք են հավատարիմ ոստիկաններ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում մինչև արտահերթ ընտրությունները նախատեսվող փոփոխությանը, որին ԼՀԿ-ն դեմ է, մասնավորապես՝ համամասնական ընտրակարգին, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ դեռևս 2018 թվականին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ իրենք առաջարկել են բաց-համամասնականի ընտրակարգը, որին սկզբում «Իմ քայլը» խմբակցության անդամները կողմ են եղել, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ որոշակի քննարկումներ ունենալուց հետո այդ հարցում կոնսենսուսի չեն եկել։

«Բաց-համամասնականի դեպքում լինելու են քաղաքացիներին հաշվետու պատգամավորներ, քանի որ նրանք ընտրելու են քաղաքական գործիչներին, իսկ  փակի դեպքում ԱԺ պատգամավոր նշանակում է կուսակցության ղեկավարը, և նրանք միայն կոճակ են սեղմում՝ հլու-հնազանդ ենթարկվելով իրենց քաղաքական առաջնորդին։ «Իմ քայլը» ցանկանում է այս գլխացավանքից ազատվել, ուզում են, որ իրենց պատգամավորները չունենան կարծիք, մոտեցումներ, լինեն հաշվետու միայն կուսակցապետին և լինեն ընդամենը կոճակ սեղմողներ և երբևէ չհակաճառեն և խմբակցությունից դուրս չգան»,- հավելեց Գևորգ Գորգիսյանը:

Նա նաև շեշտեց, որ ԼՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է։

Տեսանյութեր

Լրահոս