«Ես երբեք ժեխ չեմ եղել, ինձ խաբել են». Արմեն Գրիգորյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին վրդովեցրել է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և «Հայրենիք»-ը, որոշել են մասնակցել Փաշինյանի հայտարարած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Դավաճանների հետ չի կարելի գնալ ընտրությունների, որովհետև ընտրությունը միասնական պրոցես է, որտեղ իրենք էլ են մասնակցում, դու էլ պետք է մասնակցես, առավել ևս՝ այս ընտրությունները, որոնք դավաճան խաբեբաներն են կազմակերպելու: Ես դա համարել եմ, համարում եմ և համարելու եմ հարված՝ թիկունքից»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ գործող իշխանություններն ընտրություններով կոծկելու են իրենց բոլոր հանցագործությունները.

«Ինձ ասում են՝ չէ, չես հասկանում, ինչպես արեցին Ծառուկյանի հանդեպ, նրանց կզրկեն, նրանց վրա քրեական գործ կբացեն: Չեն բացելու: Նիկոլը շատ լավ գիտի՝ ում հետ գործ ունի. կոնֆորմիզմը կերել է այս երկիրը, և իրենց համար ավելի հեշտ է՝ իրենք իրար հետ պայմանավորվեն: Տեսեք՝ Մարուքյանն արդեն չի հիշում, թե ինչպես Սասուն Միքայելյանը իրեն հարվածեց ԱԺ-ում, իսկ երկու պատգամավոր, լակոտի պես, հետևից եկան՝ խփեցին: Չի հիշում, չէ՞, հիմա իրենք իրար հետ գնում են ընտրությունների: Բացի դրանից, «Լուսավոր Հայաստանը» 10-ից 9-ը դեպքերում խաղում է «գոնդուրասի» կուսակցության կողմից»:

Ըստ նրա՝ կոնֆորմիզմը բերել է նրան, որ Փաշինյանն է որոշում՝ ընտրություն լինելո՞ւ է, թե՞ ոչ.

«Եթե ընտրություն եղավ, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն չեն կարող չմասնակցել: Դա Նիկոլի երազանքն է, ասում է՝ մի մասնակցեք, իրենք իրենց ընտրությունները կանցկացնեն, իրենք իրենց կընտրեն, կնստեն՝ իբրև լեգիտիմ իշխանություն, և կշարունակեն վաճառել հայրենիքը: Փաստորեն, այս ուժերը ցուգցվանգի մեջ են, իրենք, ուզած-չուզած, ինչքան էլ դեմ լինեն, եթե սկսվի ընտրական պրոցես, պետք է մասնակցեն: Ես կարծում եմ, որ 51 տոկոս կա, որ Նիկոլը կգցի բոլորին, որովհետև իրեն պետք չէ այդ ընտրական աղմուկը, դա բարդ պրոցես է, բա որ չհաղթի, բա որ բախումներ լինեն, և այլն: Եթե գցի, այդ մասը պետք է մտածի, թե ինչ անի, որովհետև ով համաձայնել է գնալ ընտրությունների, արդեն պարզ է՝ ոչ մի բան էլ չեն անելու»:

Նրա ընդգծեց. «Հայաստանի հանրությունը կազմված է ազգից, որի քանակը գնահատում եմ 4-5 տոկոս, մնացածը բնակչություն է և ժեխ: Ժեխն այն ստորին մասն է, որը հանրապետականների ժամանակ վերցնում էր 5-10 հազար և քվեարկում էր, հետո եկավ ժեխապետը, ասաց՝ զավակներս, ես իրենցից կվերցնեմ՝ ձեզ կտամ, ու իրենք մինչև հիմա ապրում են այդ հավատով, որովհետև Նիկոլը իրենց մեջից դուրս եկած է, և իրենք աղանդ են, իրենց հետ խոսել, ինչ-որ բան բացատրելն անիմաստ է: Երրորդը՝ մարդիկ, որոնք ասում են՝ Շուշին եղել է ադրբեջանական քաղաք, ինչ ուզում է լինի՝ միայն նախկինները չգան, եկեք՝ գնանք, 5000 չէ՝ 50 հազարով էլ կոտորվենք, միայն թե Նիկոլը մնա, դուք կարո՞ղ եք այդ մարդկանց որակավորել»:

Հարցին՝ Դուք անձամբ ի սկզբանե ողջունել եք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, Ձեր մեջ էլ կա՞ այդ ժեխը, և հիմա արդյո՞ք մաքրվել է, նա պատասխանեց.

«Ո՛չ, ես երբեք ժեխ չեմ եղել, ինձ խաբել են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս