«Սա միայն Ռոբերտ Քոչարյանի հարցը չէ, կա՛մ ՍԴ-ն պիտի վերահաստատի իրավական պետության հիմքերը, կա՛մ պիտի վերջնական ոչնչացնի». Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանն ասաց, որ ինքը Հայաստանում է ոչ միայն  Երկրորդ նախագահի, այլև այլ գործերի համար, քանի որ մեր երկրում քրեական իրավունքի շատ խախտումներ կան: Նա, մասնավորապես, անդրադարձավ այն փաստին, որ Ինտերպոլը հրաժարվել է միջազգային հետախուզում սկսել Հայաստանի նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, քանի որ այն քաղաքական  հետապնդում է համարել:

«Միջազգային կառույցները հիմա հստակ ձևով ամեն բան հասկանում են: Լսել եմ  Ինտերպոլի արդար որոշման մասին՝ նախկին պաշտոնյայի վերաբերյալ, այսպիսի որոշումները պետք է շատանան: Ես երկու տարի տեսել եմ, որ ոչ մի ոլորտում հեռատես ռազմավարություն չկա, իհարկե, նաև իրավաբանական, քրեական հարցերի մեջ: Առօրյայի հարց է, ասում են՝ այսօր դիմենք ինտերպոլ, վաղը կտեսնենք, միշտ սենց է եղել, նույնիսկ մեր դատավարությունների ընթացքում»,- ասաց Թորոսյանը:

Ֆրանսահայ փաստաբանը նշեց, որ ինքը երկար ժամանակ դատական նիստերի չի մասնակցել, քանի որ այն, ինչ տեսել է այդ դատական նիստերի ընթացքում, չէր ցանկանա տեսնել:

«Ես վերջին անգամ, որ նիստի մասնակցեցի, դուրս եկա, ասացի, որ ես թատրոնի չեմ մասնակցի, ինչ որ տեսել եմ, անտեսանելի է: Ամեն շաբաթ կարծես պինգ-պոնգի խաղ կա, հետևում եմ, բայց իմ դերն այդտեղ չէ, անշուշտ, մինչև վերջ շարունակելու եմ պաշտպանել Երկրորդ նախագահին, քանի որ ի սկզբանե առաջինն եմ եղել սփյուռքից, որ արտահայտվել եմ»,- ասաց փաստաբանը:

Սևակ Թորոսյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը հեղափոխության «քավության նոխազն էր», և ինքը վտանգը հստակ զգացել է:

«Ես ասել եմ, որ սա ո՛չ իրավաբանական, ո՛չ քաղաքական խնդիր է, ավելի խոր արմատներ ունեցող խնդիր է, մարդաբանական հարց է, այս հեղափոխությունը վերադարձն էր մարդազոհության ինստիտուտին Հայաստանում, և դա հստակ եղավ, առաջին տուժողը եղավ Արցախի ժողովուրդը»,- ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ ՍԴ-ն որոշեց գրավոր կարգով քննել Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ՍԴ դիմումները, որոնց հիման վրա պետք է որոշվի ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը՝ ֆրանսահայ փաստաբանն ասաց.

«Կարևոր փուլ է, սա միայն Ռոբերտ Քոչարյանի հարցը չէ, այս որոշումը որ գալիս է, բարձրագույն որոշումներից մեկն է, կա՛մ ՍԴ-ն պիտի վերահաստատի իրավական պետության հիմքերը, կա՛մ պիտի վերջնական ոչնչացնի, վերջնական ասելով՝ նկատի ունեմ այն պրոցեսը, որը ես հիմա մի քիչ ժպտալով տեսնում եմ, «վաղը կտեսնենք», հետաձգել, այսինքն՝ ձև գտնել, բանաձևել, որ տուրերը բաց թողնենք, որովհետև մենք մեր աթոռների մասին էլ պետք է մտածենք, որովհետև չգիտենք՝ 6 ամսից ո՞վ է լինելու, Քոչարյա՞նն է լինելու, թե՞ Փաշինյանն է լինելու, ոչ այո, ոչ՝ ոչ, թողենք, տեսնենք՝ ինչպես այս թատրոն կոչված դատավարությունը տեղի կունենա, կամաց-կամաց թող գնա: Վտանգի մեջ են դատավորներն այսօրվա իշխանության կողմից»:

Սևակ Թորոսյանն անդրադարձավ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող գեներալ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելու, ապա նաև այս քրեական գործով որպես մեղադյալ ներգրավելու փաստին և ասաց, որ դրանից հետո պատերազմը սպասելի էր:

«Յուրի Խաչատուրովին կանչել, հաշվեք, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է ձերբակալել Պուտինին, դուն խե՞նթ ես, ապո՞ւշ ես, ի՞նչ է նպատակդ, ի՞նչ ես անում, այդ րոպեից, ըստ ինձ, այդ ժամանակվանից՝ 2018-ի հուլիսից, հստակ էր, որ պատերազմը պարզապես ժամանակի հարց է: Միջազգային քաղաքագիտության մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ եթե նապաստակը հարձակվում է արջի վրա, իհարկե, պետք է ապտակ ուտի, քանի անգամ ասացի, որ ապտակը դրսից է գալու»,- ասաց ֆրանսահայ փաստաբանը:

Նա նաև նշեց, թե պատմությունը ցույց է տալիս, որ հեղափոխության ժամկետը 2-3 տարի է, դրանից հետո գալիս է ավտորիտար ռեժիմ, կամ դիկտատուրա, եթե Նիկոլ Փաշինյանը մնա: Անդրադառնալով քրեական գործերին իշխանության անմիջական միջամտությանը՝  Սևակ  Թորոսյանը հիշեցրեց 168.am-ի սկանդալային հրապարակումը, որտեղ ներառված տեսանյութն ապացուցում էր, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ուղղումներ կատարելով Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու  քրեական գործի նյութերի մեջ, ըստ էության  հրահանգավորել է  քննիչին:

«Կալանավորելու հրահանգը դեռ գալիս է գործադիր իշխանությունից, փաստեր ունենք, վերջին փաստը Ռուբեն Հայրապետյանի գործն էր: Սրանք սկանդալային հարցեր են: Շատ եմ խղճում այդ աղջկան, կուզեի լսել իր տեսակետը, անմեղության կանխավարկածը հիմնագույն սկզբունք է, պետք է հասկանալ, բայց երբ ասում եմ՝ անմեղության կանխավարկած, ասում եմ, որ քրեական գործի հարց կա սրա մեջ, խնդիր կա: Երիտասարդներին շատ եմ խղճում, քանի որ հիպնոսի մեջ են, ի՞նչ են մտածում, որ ապագա ունե՞ն, վարչապետն ասեց՝ արա, խենթ-խենթ բաներ են անում: Եկող տարիներին այս բոլոր մարդիկ պետք է դատապարտվեն»,- ասաց ֆրանսահայ փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս