Ռուստամ Բադասյանի 8 միլիարդ 203 միլիոն 983 հազար դրամանոց վարդագույն երազանքը

Դեկտեմբերի 3-ին Գործադիրը հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Ըստ դրա հեղինակների՝ ակնկալվում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով:

Կոմիտեն, որը ստեղծվելու է՝ որպես քննչական մարմին, կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթը։

Նախատեսվում է, որ Կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։

Կոմիտեն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից: Նրա կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։

Կոմիտեի նույնիսկ հպանցիկ նկարագրությանը ծանոթանալով՝ պարզ է դառնում՝ ազդեցության ինչ լծակների ու, բնականաբար, ֆինանսական միջոցների տիրապետող կառույց է սա լինելու:

Միայն 2021-2023թթ. Հակակոռուպցիոն կոմիտեի ֆունկցիոնալության ապահովման համար կհատկացվի 8 միլիարդ 203 միլիոն 983 հազար դրամ:

Այսպիսով՝ այս գումարից աշխատավարձի, կոմունալի և գրասենյակային ծախսերը կկազմեն 5 մլրդ 163 մլն 483 հազար 900 ՀՀ դրամ (նախնական հաշվարկ):

Շենքային պայմանների ծախսերը՝ 2 մլրդ 563 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության համար կհատկացվի 285 մլն 500 հազար դրամ, իսկ տրանսպորտային հագեցվածության համար՝ 192 մլն դրամ:

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս փաթեթն ընդունվել է դեկտեմբերի 3-ին, այսինքն՝ պատերազմի ավարտից ու դրա խայտառակ արդյունքներից հետո:

Փաստորեն, տնտեսական ու սոցիալական աղետի առջև կանգնած երկրում առաջնային են համարել 8 միլիարդ 203 միլիոն 983 հազար դրամ հատկացնել իրենց ուզած կառույցը ստեղծելու համար:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ… Ինչո՞վ չէին գոհացնում ներկայումս այլ իրավապահ կառույցների կազմերում գործող, կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող  նախաքննական մարմինները, որ այս սուղ իրավիճակում այդ ահռելի միջոցները ներդնում են իրենց քմահաճույքն իրականություն դարձնելու համար: Հիմնավորումները կարդացել ենք, ծանոթ ենք. համոզիչ չէ…

Եվ ահա 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ջատագով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է ցանկանում դառնալ Կոմիտեի նախագահ:

Մեզ ասացին, որ նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը հաղթելու է առաջիկա ընտրություններում, իսկ իրեն էլ այդ պարագայում խոստացվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը:

«Ռուստամ Բադասյանը հոգնել է արդարադատության նախարարի պաշտոնից: Ավելին, նա արդեն իր թիմն է հավաքում նոր աշխատավայրում հաստատվելու համար»,- ասաց մեր աղբյուրը:

Ռուստամ Բադասյանի ցանկությունը բնական է ու հասկանալի. հետաքրքիր է միայն, թե ինչից է հոգնում նախարարը: Ոչ խնդրահարույց հրապարակումներ է կարդում, որ նյարդերը չքայքայվեն, ոչ էլ հետո ստիպված է լինում դրանց առնչությամբ բացատրություններ տալ:

Տեսանյութեր

Լրահոս