«Ո՞ւմ հետ ենք մենք հույս կապում. մի մարդու գրառման հետ, ով 44 օր ասում էր՝ հաղթում ենք, հետո պարզվեց՝ պարտվե՞լ ենք». Էդուարդ Շարմազանով

Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 14-րդ տարելիցի առթիվ կուսակիցներն ու ընկերներն այսօր այցելել են պանթեոն:  Լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ մի քանի հարցադրումներ հղեցին։

Արդյո՞ք Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, և ո՞վ կգլխավորի ցուցակը՝ հարցին ի պատասխան՝ քաղաքական գործիչը նշեց.

«Ես ասել եմ՝ մի մարդու՝ այն էլ կապիտուլյանտի, ֆեյսբուքյան գրառումով ընտրություններ չեն լինում. երբ ինքը հրաժարական կտա, երբ երկու շաբաթվա ընթացքում ԱԺ-ն նոր վարչապետ չի ընտրի, երբ ԿԸՀ-ն դե յուրե կհրապարակի ընտրության օրը, և մենք արդեն կոնկրետ կիմանանք, որ Հայաստանը մտնում է ընտրական փուլ, այդ ժամանակ մենք մեր կարծիքը կասենք»:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ հունիսի 20-ին ընտրություններ կարող են լինել, և դիտարկմանը, որ անգամ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն են վերջին շրջանում նշում, թե օրվա մասին հայտնելուց հետո քաղաքական դաշտում կարծես հանդարտություն է, Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Իսկ կարո՞ղ է՝ դա հանդարտություն է փոթորիկից առաջ. ի՞նչ իմանանք»:

«Այս անձնավորության որևէ գրառում, որևէ արտահայտություն իր ամբողջ քաղաքական կարիերայի և, մասնավորապես, այս վերջին երեք տարվա ընթացքում, մի բան է ապացուցում, որ ինքը կարող է առավոտյան մի բան ասել, երեկոյան՝ հերքել, հետո գալ անամոթաբար ԱԺ-ում իր երկու հայտարարությունները, որոնք հստակ հակասական են, ասի՝ հակասական չեն:

Այսինքն՝ ո՞ւմ հետ ենք մենք հույս կապում. մի մարդու գրառման հետ, ով 44 օր ասում էր՝ հաղթում ենք, հետո պարզվեց՝ պարտվե՞լ ենք, մի մարդու գրառման հետ, ով ասում էր՝ առանց ժողովրդի հետ քննարկելու՝ ղարաբաղյան հարցի որևէ լուծման չեմ գնա, և ժողովրդից թաքուն գնաց, քվեարկե՞ց,- իր դիրքորոշումը վերահաստատեց նա՝ հավելելով,- Մեր օրակարգում այս պահին նման հարց չկա, որովհետև չկա ընտրություն. մեր օրակարգը նույնն է՝ Նիկոլի հրաժարական:

Հայաստանի փրկությունը և խնդիրների լուծումը, նախևառաջ՝ առաջին քայլը պետք է լինի սրա հրաժարականը՝ պարտված, ձախողված, կապիտուլյացիայի ենթարկված, այսօր Ադրբեջանի ու Թուրքիայի շահերով առաջնորդվող, կամ թեկուզ նրանց շահերն անուղղակիորեն պաշտպանող կապիտուլյանտի հեռացումը, տեսե՛ք՝ նա ինչ ասում է՝ մի վայրկյան անց թուրքերը դրական են արձագանքում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս