Քարվաճառից տարհանված 12 հոգանոց ընտանիքը դժվար կացության մեջ է. ունեն օգնության կարիք

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Քարվաճառի լեռներում զույգ սրունքների հրազենային բեկորային վիրավորումներ, բաց հրազենային բազմաբեկոր կոտրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող Օհան Չիլինգարյանի ընտանիքը, որը տարհանվել է Քարվաճառ քաղաքից, այժմ դժվար կացության մեջ է, ունեն բազում խնդիրներ: ՀՀ կառավարության կողմից հատկացվող սոցիալական աջակցության ծրագրից օգտվել են, ստացել են 300.000-ական դրամ օգնությունը, որը  հազիվ տան վարձին և կոմունալներին է բավարարում։

«Ամուսնուս մարտի 23-ին դուրս են գրել հիվանդանոցից, երկու ոտքերը ծնկներից ներքև փշրված է, ձախը շշերով հավաքել են, մի ոտքի վերքն էլ պետք է լավանա, որ գործիքներով երկարացնեն, դեռ վիրահատություններ կան անելու: Այս պահին և՛ տան խնդիր ունենք, և՛  հագուստի, և՛ սնունդի: Բնակվում ենք վարձով, վճարում ենք 80.000 դրամ, տանը կա 5 անչափահաս երեխա, ապրում ենք 12 հոգով՝ ամուսնուս ծնողների, քրոջ և նրա ընտանիքի հետ միասին: Մի մեծ սենյակ է, հյուրասենյակ, փոքր խոհանոց, բաղնիք, այնքան որ, հարմարվում ենք: Աջակցության ծրագրից ստացած գումարով, վարկերի միջոցով  մի կերպ վճարում ենք տան վարձն ու կոմունալները, բայց դժվարությունները շատ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պայմանագրային զինծառայողի կինը՝ Պայծառը:

Նրա փոխանցմամբ՝ Քարվաճառում ունեցել են ամեն ինչ, զբաղվել են այգեգործությամբ, անասնապահությամբ:

«Քարվաճառից դուրս ենք եկել սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Բերել ենք մի քանի շոր, իսկ նոյեմբերի 10-ից հետո, երբ ժամանակ տվեցին ազատել տները, ապրանքի կեսը կարողացանք բերել, կեսը՝ ոչ»,- ասաց տիկին Պայծառը:

Այս պահին ընտանիքի անդամներից ոչ մեկն աշխատանք  չունի և ցանկացած աջակցություն կարող է որևէ կերպ մեղմել իրավիճակը:

Օգնել հնարավոր է Պայծառ Բլեյանի անունով բացված քարտի համարի միջոցով. «ՎՏԲ-Հայաստան» բանկ 4033170004243477:

Տեսանյութեր

Լրահոս