Փոքր եղբայրը ավագ եղբոր մարմինը դրել էր քնապարկի մեջ, և մարտական խնդիր կատարելու որ գնում էին՝ իր հետ տեղափոխում էր եղբոր մարմինն ու… կռվում.․․
Ամեն կիրակի Հովհանավանքում կարելի է հանդիպել Եղիշե ու Գայանե Մելքոնյաններին. լուռ քայլում են դեպի վանք, մոմ վառում, մասնակցում պատարագին ու աղոթում։ Նրանք հանուն հայրենիքի զոհված եղբայրների՝ Սամվել և Տիգրան Մելքոնյանների ծնողներն են…
Ավագը Սամվելն էր։ Ծնվել էր 1996 թվականին։ Ծառայել էր բանակում։ Ապրիլյան մարտերի մասնակից էր։
Փոքր եղբայրը՝ Տիգրանը, ծնվել էր 1997-ին։ Ծառայել էր բանակում։ Սովորում էր բարձրագույն ուսումնական հաստատությունում։
Զբաղվում էին սպորտով։ Ֆուլ կոնտակտ կարատեի տարբեր մրցաշարերում մրցանակային տեղեր էին զբաղեցրել։
Եղբայրները ոստիկանության զորքերում էին 2019 թվականից։ Շուրջ մեկ տարի հերթափոխերով Տավուշում իրականացրել էին մարտական հերթապահություն։
2020 թվականի սեպտեմբերին, երբ Արցախի դեմ սկսվեց լայնածավալ պատերազմ, եղբայրները զինվորագրվեցին։ Սեպտեմբերի 29-ին ոստիկանության զորքերի իր վաշտի հետ Արցախ մեկնեց ավագ եղբայրը՝ Սամվելը։ Շուրջ մեկ ամիս նա մասնակցեց Քարվաճառի պաշտպանությանը։
Այդ ընթացքում փոքր եղբայրը՝ Տիգրանը, փորձում էր մեկնել Արցախ՝ մասնակցելու մարտերին։ Անգամ դիմել էր գյուղապետարան՝ ջոկատով ռազմաճակատ մեկնելու համար։ Բայց քանի որ եղբայրը նույնպես կռվում էր, նրան մեկնողների ցուցակում չէին ընդգրկում։ Նա շարունակում էր ծառայությունը զորամասում։
Հոկտեմբերի 29-ին Սամվելը Քարվաճառից վերադարձավ։ Երեք օր անց կրկին տագնապ էր։ Մեծ դժվարությամբ, բայց որոշվեց՝ այս անգամ ռազմաճակատ էր մեկնելու փոքր եղբայրը՝ Տիգրանը։ Եվ մինչ նա կհասներ տուն՝ պատրաստվելու համար, զանգ ստացավ եղբորից։ Նա էլ էր կամավոր զինվորագրվել։
Ոստիկանության զորքերի իրենց ծառայակիցների հետ Սամվելն ու Տիգրանը մեկնեցին Շուշի։ Նոյեմբերի 4-ից սկսեցին մասնակցել բերդաքաղաքի պաշտպանությանը։ Ծանր մարտեր էին։ Նոյեմբերի 5-ին հնչեց օդային տագնապի հերթական ազդանշանը։
«Տիգրանը իմ ու Սամվելի ձեռքը բռնեց, ու պառկեցինք։ Հենց պառկեցինք, արկն ընկավ մեր կողքը։ Մի րոպեի չափ խառնաշփոթ վիճակ էր։ Տիգրանը թեքվեց դեպի ինձ ու ձեռքս տեսավ։ Ասաց՝ վայ, վիրավորվել ես։ Ես այդ ժամանակ դեռ չէի զգում ցավը։ Հետո թեքվեց, որ տեսնի, թե Սամվելն ինչ վիճակում է։ Տեսավ՝ կողքին չի։ «Ախպերս ուր է, ախպերս ուր է…»՝ գոռում էր: Մեկ էլ գտավ եղբորը։ Գրկեց, չոքեց ու սկսեց լացել։ Լացելով ասում էր՝ ախպերս, խոսի հետս»,- պատմում է ծառայակից ընկերը՝ Սարգիս Պողոսյանը։
Սամվելը զոհվել էր…
Ընկերների խոսքով՝ փոքր եղբայրը, վրեժով լցված, շարունակեց կռվել։ Ավագ եղբոր մարմինը դրել էր քնապարկի մեջ, և մարտական խնդիր կատարելու որ գնում էին՝ իր հետ տեղափոխում էր եղբոր մարմինն ու… կռվում։
Մարտերը գնալով ահեղանում էին։ Տիգրանն ու ծառայակիցները Շուշի տանող ճանապարհին հայտնվում են թշնամու շրջափակման մեջ։
Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, Տիգրանը զանգում է հորեղբորն ու ասում՝ «Տնեցիներին կասես, որ չեմ գալու»: Սրանք Տիգրանի վերջին խոսքերն էին…
Այսօր էլ Սամվել և Տիգրան Մելքոնյանները կիրճի ամենաբարձր հատվածից կարծես շարունակում են հսկել հայրենի գյուղը, վանքն ու տունը…
Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի զոհված եղբայրներ Սամվել և Տիգրան Մելքոնյաններին։ Նրանց սխրանքն անմահ է։