Մյանմայում ազատ են արձակել բողոքների՝ 600-ից ավելի ձերբակալված մասնակիցների. AP
Մյանմայի զինվորական իշխանություններն ազատ են արձակել 628 մարդու, որոնց ձերբակալել էին զանգվածային բողոքներին մասնակցելու համար: Մարտի 24-ին այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:
Գործակալությունը հայտում է ականատեսների խոսքն այն մասին, որ Յանգոնի բանտից ավտոբուսները դուրս են բերում ձերբակալվածներին, որոնց մեծ մասը կազմում են բողոքի ակցիաների երիտասարդ մասնակիցները: Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ից հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու եւ երկրի ղեկավարությանը պաշտոնանկ անելու մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով:
Զինվորականները կազմել են նախարարների նոր կաբինետ: Հանրապետության բնակիչները փետրվարի սկզբից դուրս են գալիս բողոքի ակցիաների, որոնք խստորեն կասեցվում են անվտանգության ուժերի կողմից: Քաղաքական բանտարկյալների օգնության ասոցիացիայի տվյալներով՝ Մյանմայում բողոքի ակցիաների մասնակիցների եւ ոստիկանության ու զինվորականների միջեւ ընդհարումների հետեւանքով զոհվածների թիվը փետրվարի 1-ից ի վեր հասել է 250-ի:
Կալանավորվել եւ ազատազրկման է դատապարտվել 2 665 քաղաքացի, եւս 2 290-ը ձերբակալված է կամ գտնվում է կալանավորման սպառնալիքի տակ: ՄԱԿ-ը հայտնել է Մյանմայում բողոքավորների թվում 211 զոհերի մասին: Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է Մյանմայում դաժան բռնությունը զինվորականների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: