«Մարդը,  ով կարող է երկիրը հանել այդ վիճակից՝ Ռոբերտ Քոչարյանն է». Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ դադարեցրեց Հայաստանում ռազմական դրությունը, որը հաստատվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից:

Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դեմ էր քվեարկել ռազմական դրությունը դադարեցնելու նախագծին և լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, որ ռազմական դրությունը պետք է պահպանվեր Հայաստանում, քանի որ պատերազմը մոտեցել է ՀՀ սահմաններին:

«Հիմա, երբ թուրքը Հայաստանում ամեն օր մի գյուղ է վերցնում, Հայաստանի սահմանների վրա է արդեն գրոհում, և պատերազմի վտանգն էլ շատ տեսանելի է, գտնում եմ, որ պետք չէր վերացնել ռազմական դրությունը: Հակառակը, հիմա ամեն ինչ պետք է անել սահմանների անձեռնմխելիությունը առավել բարձր մակարդակի հասցնելու համար: Այս իշխանության համար հիմա կարևորը վերընտրվելն է, ոչ թե սահմանների պաշտպանությունը, այ դրա համար էլ դեմ եմ քվեարկել»,- նշեց պատգամավորը:

Նա նաև շեշտեց, որ ժամանակին դեմ էր, որպեսզի ռազմական դրությունը պահպանվի, քանի որ Հայաստանում իրավիճակն այլ էր, իսկ այժմ ՀՀ քաղաքացու ապրելու, կյանքի, անվտանգության իրավունքն ավելի թանկ է, քան որևէ մեկի վերընտրվելու հաճույքը:

«Այո, ես ասել եմ, որ դեմ եմ արտահերթ ընտրություններին, որովհետև ով ձախողել է պատերազմն ու պետության ղեկավարումը, թող նա հրաժարական տա: Անձամբ ինձ ընտրությունները շատ քիչ են հետաքրքրում, այսօր մենք ունենք շատ ավելի գերակայություններ, ով ձախողել է, թող բարի լինի հեռանա, այլ ոչ թե ինքնագլուխ ընտրությունների մասին հայտարարարի, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է: Նա սկզբում հայտարարել է արտահերթ ընտրությունների օր՝ թքելով նախագահի ինստիտուտի ճակատին, հետո ասել, թե այսինչ օրը պատրաստվում է հրաժարական տալու: Ինքը հիմա շրջաններում ման է գալիս, ուզում է ժամանակ շահի, տեսնի՝ իր շանսերը ինչքան են, հետո տեսնի, որ քիչ է, ասի՝ կորոնավիրուս է, արտահերթ ընտրություններ չենք անելու: Այս իշխանությունն ընտրությունները սարքել է իր համար թաշկինակ, երբ պետք է՝ կօգտագործի, երբ պետք է՝ չի օգտագործի»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը:

Պատգամավորը հիշեցրեց ավելի վաղ հայտնած իր կարծիքը, թե ում է տեսնում երկրի ղեկավարի պաշտոնում:

«Ես արդեն տվել եմ այդ մարդու անունը, ով իր անցած ուղով, անձնական հատկանիշներով, կապերով կարող է երկիրը հանել այդ վիճակից, այո, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է: Ես գաղտնի չեմ խոսում ու գործում ոմանց նման, ինչ մտածում՝ ասում եմ: Այնպես չէ, որ իր կառավարման տարիներն անթերի են եղել, բոլոր մարդիկ երջանիկ են եղել, ոչ, այդպես չէ, բայց այսօր մենք պետք է վեր կանգնենք առավել ցածր արժեքներից ու գերակայությունը տանք բարձր արժեքներին»,- շեշտեց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս