«Բանակցություններ վարելու համար մեզ համար ձևավորվել է բավականին լավ հիմք, ինչին ՀՀ իշխանությունները, կարծես թե, որևէ ցանկություն չունեն անդրադառնալու». միջազգայնագետ

«Հայ–ամերիկյան օրակարգ. կձևավորվի՞ երբևէ» թեմային այսօր առցանց հանդիպման ընթացքում անդրադարձավ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Խոսելով վերջին օրերին ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացման դրվագների մասին՝ միջազգայնագետը նկատեց, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան տարածաշրջանային գործընթացների վրա.

«Բնականաբար, նկատում եք վերջին օրերին ռուս-ամերիկյան լարվածությունը, նաև նկատում եք, որ Թուրքիան ըստ էության այս լարվածության մեջ կողմնորոշվել է հօգուտ Ռուսաստանի՝ լինելով Միացյալ Նահանգների համար ռազմավարական դաշնակից, այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ-պետություն: Հստակ դիրքորոշում է հայտնել և մեղադրել Բայդենին, որ նա չափազանց կոշտ դիրքորոշում ունի ՌԴ նախագահի նկատմամբ:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների լարումը ոչ միայն երկկողմ հարաբերությունների վրա է ունենում լուրջ ազդեցություն, այլև տարբեր տարածաշրջաններում, այն տարածաշրջաններում, որտեղ այս երկու գերտերություններն ունեն խաչվող շահեր. և՛ Հարավային Կովկասը, և՛ Մերձավոր Արևելքը, և՛ նաև Եվրոպան այս շահերի խաչման հատվածներից են»:

Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան խնդիրները շատ են, իսկ լուծման եզրերը դեռ չեն երևում՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը շարունակում է ՌԴ-ին մեղադրել իր ընտրություններում ունեցած ներգրավվածության համար:

Մեր տարածաշրջանում ԱՄՆ և ՌԴ շահերի վերաբերյալ Սուրեն Սարգսյանը նշեց. «Այստեղ մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Մինսկի խմբում այս պետություններն ունեն տարաձայնություններ: Բայց այն քիչ պլատֆորմներից, որտեղ որ երկու պետությունները համագործակցում են, հենց Մինսկի խումբն է»:

Թեմայի շրջանակներում նա հիշեցրեց նաև Ալիևին ուղղված Բայդենի նամակի մասին, որտեղ կան հետաքրքիր ձևակերպումներ՝ տեղեկացնելով, որ այդ ձևակերպումներին չեն անդրադարձել Մինսկի խմբի մյուս անդամները:

Ինչպես ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր միջազգայնագետը, նամակում, մասնավորապես, նշվում էր․ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք օգնելու ենք կողմերին՝ գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական լուծում և խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցումը՝ բարեկեցիկ և խաղաղ ապագա ապահովելու համար»:

Ըստ նրա՝ սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը չի համարում, որ ԼՂ խնդիրը կարգավորված է, և վերջնական լուծման հասնելու համար պետք է աշխատանք կատարվի.

«Սա, կարծես թե, Մինսկի խմբի բոլոր համանախագահների դիրքորոշումն է՝ ի տարբերություն Ալիևի այն հայտարարության, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն իսկ լուծվել է»:

Սուրեն Սարգսյանը վստահեցրեց. «Մեզ համար ձևավորվել է բավականին լավ հիմք դիվանագիտական աշխատանք կատարելու, բանակցություններ վարելու համար, Մինսկի խմբի հետ նորից աշխատանք վերսկսելու համար, ինչին ՀՀ իշխանությունները, կարծես թե, որևէ ցանկություն չունեն անդրադառնալու. համենայն դեպս, որևէ հայտարարություն, մեսիջներ դեռևս ՀՀ իշխանությունների կողմից չեն հնչել»:

Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է արվեն պետության կողմից, որոնք չեն արվում, նա պատասխանեց. «Ձևավորվել է բարենպաստ միջավայր ԼՂ խնդրում որոշակի բանակցային պրոցես սկսելու և որոշակի ձեռքբերումներ ունենալու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերտերությունների և մեր շահերը համընկնում են:  Սա նշանակում է, որ, եթե Հայաստանի իշխանություններն ունենան կարողություն, ունակություն և ցանկություն՝ ԼՂ հարցում գնալ ինչ-ինչ քայլերի, ենթադրենք՝ բանակցությունների սեղանի շուրջ նստել և սկսել բանակցել Հադրութի վերադարձը, օրինակ,   սա կարող է նաև միջազգային հանրության և Մինսկի խմբի համար լինել ընդունելի և ընկալելի գործընթաց, որովհետև, ըստ էության, այս կոնֆլիկտի արդյունքում մենք չենք ստացել որևէ բան՝ ի տարբերություն կոնֆլիկտում ներգրավված մնացած պետությունների, որոնք ինչ-որ մի բան ստացել են: Հայաստանը միակ պետությունն է, որ որևէ բան չի ստացել:

Ադրբեջանը ստացել է ավելին, քան ակնկալում էր,  Թուրքիան ստացել է տարածաշրջանում որոշակի ազդեցություն ունենալու հնարավորություն, ՌԴ-ն ստացել է խաղաղապահ առաքելություններ տեղակայելու և տարածաշրջանում ամրանալու հնարավորություն:

Եվ հիմա, եթե մեր իշխանությունները ցանկանում են ինչ-որ ձեռքբերում ունենալ,  պրոցես կարող են սկսել, և այս պրոցեսում մեր պետական շահը համընկնում է խոշոր խաղացողների շահերին: Այլ բան է, որ մեր իշխանությունները, հավանաբար, այլ պատկերացումներ ունեն ԼՂ խնդրի վերաբերյալ, ինչը չի տեղավորվում իմ նշած այս սկզբունքների մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս