«Ցավն այն է, որ մենք բոլորս մեղավոր ենք, որ այսպիսի գեներալներ ունենք, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանը». Արփինե Հովհաննիսյան

«Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը ես կգնահատեի ոչ միայն նոնսենս, այլև աննախադեպ իրավական վակխանալիայի, խայտառակության, հակասահմանադրականության, հակաիրավականության մի յուրօրինակ փունջ: Բայց այստեղ մենք գործ ունենք երկրում արդեն տևական շրջան շարունակվող արժանապատվության և գեներալիտետի դեպքում՝ ինքնասիրության ճգաժամի հետ»,- «Հայելի»  ակումբում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ, եթե փորձեր մեկ նախադասությամբ նկարագրել, ապա սա իրավական, քաղաքական, սահմանադրական  բարոյական ճգնաժամ է:

«Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը խայտառակություն է, որովհետև իշխանությունը դատարանի որոշումը չկատարեց: Փաստացի սրա համար կա նախատեսված քրեական հոդված: Տեսանք նաև, որ դատավորը չէր հերքել, իրենց այցելել են ԱԱԾ-ից, և վստահ եմ, որ ԱԱԾ-ն այս դեպքի համար ունի լեգենդ, ու դա կլինի այն, որ եկել էին ապահովելու դատավորի անվտանգությունը, և մի այսպիսի պատճառաբանությամբ նրանք կխուսափեն բացատրել, որ եկել էին նրա հետ զրուցելու, որպեսզի կայացնի իշխանահաճո որոշում: Լուռ է գլխավոր դատախազությունը, ո՞ւր է հարուցված գործը, որպեսզի կանչեն և հարցնեն՝ հարգելի ԱԱԾ, մի հատ գոնե լեգենդ ձևի համար պատմիր այստեղ: Հաջորդը, ո՞ւր են ԲԴԽ անդամների դիրքորոշումները: Ո՞ւր է ԲԴԽ հայտարարությունը, ինչո՞ւ են բոլորը վախվորած կեցվածքի մեջ»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Բանախոսը ցավ հայտնեց՝ նկատելով. «Ցավն այն է, որ մենք բոլորս մեղավոր ենք, որ այսպիսի գեներալներ ունենք, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանը: Ինձ մոտ համոզմունք է սկսել ձևավորվել, որ Օնիկ Գասպարյանն ու այդ գեներալները հայտարարությունն ամենևին էլ չեն արել նրա համար, որ իրենց համբերության բաժակը լցվել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո: Մտածում եմ, որ այս մարդիկ հայտարարությունը արեցին, որպեսզի ինքնապաշտպանվեն: Բանակը հասկացել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվությունն իր վրա պետք է գցի: Վստահ եմ, որ ինքը պարտությունը պետք է բանակի վրա գցեր: Նիկոլ Փաշինյանը բոլորիս մեծ «ծառայություն» է մատուցել, և երևի դա պետք էր, որպեսզի ազգային նոր վերելք, ճիշտ արժեհամակարգ կառուցել: Ինքը ցույց տվեց, որ այդ գեներալները, դատարաններն իր համար ոչ մի բան են»:

Տեսանյութեր

Լրահոս