Հուլյան օրացույցով Բախի ծննդյան օրը Երևանում հնչեց կոմպոզիտորի «Մագնիֆիկատը»
Հուլյան օրացույցով Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան օրը հանճարեղ կոմպոզիտորի «Մագնիֆիկատը» երկար դադարից հետո առաջին անգամ ներկայացվեց Հայաստանում: Մեծակտավ ստեղծագործությունը կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ Իտալիայից ժամանած դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի ղեկավարությամբ:
Երեկոն տեղի ունեցավ մարտի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Որպես մենակատարներ հանդես եկան սոպրանոներ Ջուլիանա Գրիգորյանն ու Նունե Գրիգորյանը, մեցցո սոպրանո Անուշ Մարտիրոսյանը, տենոր Միքայել Գրիգորյանը և բաս Կիմ Սարգսյանը:
«Մագնիֆիկատի» կատարումն առանձնացավ բացառիկ վարպետությամբ և հիացրեց ունկնդրին: «Շատ ուրախալի է, որ չենք մոռանում Բախի ծննդյան օրը, ուրախալի է, որ հնչում է «Մագնիֆիկատը»: Չեմ հիշում, թե Հայաստանում այդ ստեղծագործությունը, երբ է հնչել կամ երբևէ հնչե՞լ է, բայց լավ է, որ կատարվում է: Ուրախալի էր տեսնել բեմում Երևանի պետական կամերային երգչախմբին. իր բազմավաստակ ղեկավարի կորստից հետո երգչախումբը պատվով հանդես եկավ: Ջանլուկա Մարչանոն մեր երաժշտության լավագույն բարեկամներից է, կարողացավ պատվով ու բարձր մակարդակով ներկայանալ: Մենք հաղորդակից դարձանք բարձր արվեստին»,-նշեց երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ պրոֆեսոր Մհեր Նավոյանը:
Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն էլ շնորհավորեց ներկաներին համերգի առթիվ: «Մեզ վեհացնողը քրիստոնեական արվեստն ու մշակույթն են, իսկ Բախը քրիստոնեական մշակույթի վերին շերտերն է մատուցում մարդկությանը: Երանի, որ նման կատարումները հաճախ լինեն, մանավանդ, մերօրյա կյանքում»,- նշեց նա:
Համերգին հնչեց նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան: Երկու ստեղծագործությունների ավարտին հնչած երկարատև հոտնկայս ծափահարությունները հանդիսատեսի հիացմունքի վառ վկայությունն էին: