«Սամասուդի կողմնակից չեմ. Փաշինյանը մեզ պետք է լավ կազդուրված վիճակով և լավ փաստաբանով». Էդուարդ Շարմազանով

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, կարող է հրաժարական տալ, ու կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ըստ Շարմազանովի՝ «կապիտուլյանտը» հայտնի է մի շատ հստակ վարքագծով՝ կարող է մեկ ժամվա ընթացքում տասն անգամ կարծիք փոխել, և, հետևաբար, նրա ֆեյսբուքյան գրառումը՝ արտահերթ ընտրություն անելու մասին, իրենց համար հիմք չէ։

«Բայց եթե նույնիսկ իր ասած սցենարը լինի, ըստ որի՝ պետք է ապրիլի 20-ից հետո հրաժարական ներկայացնի, իսկ մինչ այդ կա մեկ ամսից ավելի ժամանակ, և որևէ մեկը չի կարող ասել, թե ի՞նչ կլինի այդ ընթացքում, չի բացառվում, և ես չեմ բացառում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած սցենարն իրականություն դառնա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մասին, ասաց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ ինչ սցենար էլ ընթանա՝ ՀՀԿ-ի ձայնն է՛լ ավելի լսելի է դառնալու, ու իրենց քայլերը լինելու են նպատակաուղղված ու հավասարակշռված։

«Սակայն այստեղ այլ հարցեր էլ կան։ Օրինակ, հարց է՝ ո՞վ է լինելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, կամ ինչպիսի՞ Ընտական օրենսգրքով են գնալու այդ ընտրություններին։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ, ըստ Ալեն Սիմոնյանի, Նիկոլ Փաշինյանն է լինելու վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ապա պետք է ասեմ, որ այդ անձնավորությունն ուղիղ մեկ ամիս առաջ կուրծք ծեծելով ասում էր, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ չկա, հետևապես՝ այդ անձնավորության ասածներն ինձ համար արժեք չեն ներկայացնում»,- ասաց Շարմազանովը։

Դիտարկմանը, որ, ի տարբերություն նախկինում իշխող քաղաքական ուժի կողմից արտահերթ ընտրությունների հանրային պահանջ լինել-չլինելու մասին արվող իրարամերժ հայտարարություններին, ներկայումս խորհրդարանական խմբակցությունների կողմից ևս առկա է կոնսենսուս, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց․

«Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրության օրը, այն ժամանակ ՀՀԿ-ն իր կարծիքը կարտահայտի, կասենք՝ մասնակցո՞ւմ ենք, թե՞ ոչ, կամ ի՞նչ ցուցակով ենք մասնակցում։ Այս պահին մի բան հստակ է՝ մենք քաղաքական գործընթացներում դիտորդ չենք լինելու, մենք ասելիք և անելիք ունենք, մենք շարժվելու ենք մեր օրակարգով»։

Խոսելով Փաշինյանի կազմակերպած ընտրությունների դեպքում հնարավոր լուրջ վտանգների մասին, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ այն մարդը, որը Կառավարության մի շենքից մյուս շենք գնում է դիպուկահարների և ոստիկանների ուղեկցությամբ, չի կարող անցկացնել ընտրություն, որովհետև միանշանակ է՝ գնալու է կեղծարարության։

Դիտարկմանը, որ և՛ իշխանությունը, և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի պատասխան ընտրություն կեղծելու վերաբերյալ մտահոգություններին, ասում են, որ նախկինների կազմակերպած ընտրությունները տեսել են, և դեռ հարց է՝ այդ ո՞վ է խոսում ընտրակեղծարարությունից, Շարմազանովն այսպես արձագանքեց.

«Այդ երկու ուժերին էլ ասում եմ՝ բա, եթե կեղծվել են նախկինում, ինչո՞ւ չեք բողոքարկել, բա ինչպե՞ս եք հայտնվել խորհրդարանում, բա որ կեղծել էին, ինչպե՞ս են Էդմոնն ու Փաշինյանը հայտնվել խորհրդարանում»։

Խոսելով «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող որոշ կուսակցությունների՝ արտահերթ ընտրությունների մասնակցելու պատրաստակամության մասին, Էդուարդ Շարմազանովը նկատեց.

«Ի՞նչ է՝ մտածում են՝ ամեն կուսակցություն մի 5-10 տոկոս ձայն հավաքի, մանդատ ունենա, ու վե՞րջ, խնդիրը լուծվե՞ց։ Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, որ կարելի է ընտրություններով սրան հաղթել, ապա, իմ կարծիքով, դա իրականությունից հեռու կարծիք է, որովհետև նա ամեն ինչ անելու է, որ մնա աթոռին․ ամեն ինչ՝ սկսած բախումներից։ Հետևաբար՝ մենք ի՞նչ ենք ուզում՝ թույլ չտալ պետության գահավիժո՞ւմ, թե՞ մի քանի տոկոս և մի քանի մանդատ, որ հետո Ազգային ժողովում ջայլամի քաղաքականություն վարենք։ Մենք պնդում ենք՝ այս պայքարը պետականություն կորցնել-չկորցնելու պայքար է, ու շեշտում եմ՝ այս մարդը չի կարող պաշտպանել պետության շահը, չի կարող կազմակերպել ընտրություն։ Իսկ ինչ վերաբերում է այս մարդուն տուն ճանապարհելուն, ապա պետք է հեռացնելու ձևերը գտնենք, պետք է ճնշումը մեծացնենք»։

Ի՞նչ անելիք ունի այս դեպքում փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության հրաժարականը պաշտոնական հայտարարությամբ պահանջած Գլխավոր Շտաբը, որի պետը շարունակում է մնալ Օնիկ Գասպարյանը, Շարմազանովը պատասխանեց.

«Հնարավորինս պետք է անել ամեն ինչ, որ փակուղային վիճակ լինի, որ Փաշինյանը թողնի գնա, որովհետև իր գնալը Հայաստանին է պետք, որովհետև եթե նույնիսկ  ընտրություն արեց, դա հանգուցալուծում չի՛ լինելու»։

Շարմազանովը նաև հավելեց՝ կողմ է, որպեսզի Փաշինյանին հեռանալիս տրվեն անվտանգության երաշխիքներ։

«Փաշինյանը մեզ, Հայաստանին պետք է առողջ և կազդուրված վիճակում, որպեսզի տեղի ունենա հայկական Նյուրնբերգը։ Կարծում եմ՝ նա շատ բան ունի ասելու, ես սամասուդի կողմնակից չեմ։ Փաշինյանը պետք է ունենա անվտանգության երաշխիք ու լավ փաստաբան»,- խոսքը եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս