Բաժիններ՝

Ինչո՞ւ Շտապ օգնության աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել. ԱՆ պարզաբանումը

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Շտապ օգնության աշխատակիցների՝ աշխատավարձ չստանալու մասին տեղեկատվության վերաբերյալ:

«Ի պատասխան մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ բուժաշխատողներն աշխատավարձ չեն ստացել, հայտնում ենք`  առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպություններին ամսական կտրվածքով, պետական պատվերի շրջանակում, իրականացրած բժշկական օգնության և սպասարկման դեպքերի համար փոխհատուցում է տրամադրում: 2021 թվականի փետրվարի ընթացքում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացակարգում որոշակի տեխնիկական խնդիրներ են առաջացել, որի պատճառով բյուջեի` թվով 24 միջոցառումներից 4-ի մասով ֆինանսական փոխհատուցումներն ուշանում են: Միևնույն ժամանակ նշենք, որ մոտ ժամանակում ֆինանսական փոխհատուցումները, համապատասխան ծավալով, կտրամադրվեն բժշկական կազմակերպություններին, այդ թվում`  «Շտապօգնություն» ՓԲԸ-ին»,- գրված է պարզաբանման մեջ:

Հիշեցնենք՝ այսօր Շտապ օգնության աշխատակիցներից մեկը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ 1-03 ծառայությունում աշխատավարձ չեն ստացել:

«Առհասարակ մեր կառույցում աշխատավարձ ստանում են վերջին պլանով, ինչն անհարգալից վերաբերմունք է բժշկի հանդեպ: Ամեն օր գործ ունենք 1000 և ավելի քաղաքացիների հետ, ովքեր մեր կարիքն ունեն, և պետությունը ոչ միայն չի գնահատում մեր կատարած աշխատանքը, այլ դեռ մի բան էլ քննարկման է դնում մեզ աշխատավարձ տալու հարցը …Ես հասկանում եմ, որ երկիրը վատ վիճակում է, բայց, բժիշկներին դնելով հետին պլան, դուք քանդում եք երկրի հիմքը»,- գրված էր ֆեսյբուքյան գրառման մեջ:

168.am-ը զրուցել էր Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, մասնագիտությամբ բժիշկ Միքայել Մանրիկյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասել էր, որ նախարարությունում վերահաշվարկ են կատարում և շտապ օգնության աշխատակիցներին ասել են, որ իրենց աշխատավարձը կլինի 10-15 օրից, մինչդեռ այդ ժամանակ նրանք արդեն պետք է ստանային մարտի աշխատավարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս