ՀՔԾ-ում դեռ չեն ստացել Դատախազության նյութերը ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակման փաստով
Երեկ լրագրող Փայլակ Ֆահրադյանն ահազանգեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Հակոբ Արշակյանի կողմից սրճարանում իր վրա հարձակվելու մասին:
«Դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային ժամը նախարարն անցկացնում սրճարանում։ Ես մոտեցա նրան և հարցրի, թե ինչ է անում աշխատանքային ժամին սրճարանում, ինքն էլ պատասխանեց, որ գիշերային ժամերին է աշխատում։ Այդ տեսանյութն ինձ մոտ կա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով դեպքն այսպես ներկայացրեց մեր գործընկերը։
Նրա խոսքով՝ Հակոբ Արշակյանը պատասխանելուց հետո խնդրել է, որ Ֆահրադյանն անջատի տեսախցիկը:
«Ես անջատեցի տեսախցիկը, վերջինս սկսեց ասել, որ ես դեռ կհիշեմ այս օրը։ Քանի որ տեսախցիկն անջատված էր, ես իրեն պատասխանեցի՝ երբ ուզում է, կարող եմ հիշել, բայց այն, որ ինքը նախարար է, չի նշանակում, որ պետք է այդ տոնով խոսի»,-ասաց լրագրողը։
Դրանից հետո, Փայլակ Ֆահրադյանի խոսքով, ինքը բարձրացել է վերև և սկսել համակարգչով աշխատել։
«Ու այդ ժամանակ Հակոբ Արշակյանը բարձրացավ վերև ու հարձակվեց իմ վրա, վնասեց ձեռքս, համակարգիչս, սեղանին դրված հեռախոսս։ Այստեղ կան տեսախցիկներ, և ես պահաջելու եմ, որ սրճարանն ինձ տա կադրերը։ Ես նաև հաղորդում եմ ներկայացնելու ոստիկանություն»,- նշեց մեր գործընկերը։
Ավելի ուշ համացանցում նաև տեսանյութ տեղադրվեց, ուր հստակ երևում էր, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը բռունցքներով հարձակվում է լրագրողի վրա:
Դեպքը դատապարտեցին շատերը, հայտարարությամբ հանդես եկավ նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից:
168.am-ի հետ զրույցում նաև դատախազությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութերն ուսումնասիրվել են և ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն:
Այս պահի դրությամբ սակայն, ինչպես մեզ տեղեկացրեցին ՀՔԾ-ից դրանք այդ գերատեսչությունում դեռ պաշտոնապես չեն ստացել. հավանաբար օրվա կեսին կստանան:
Մենք զրուցեցինք նաև Փայլակ Ֆահրադյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սոսե Չանդոյանի հետ, ով ասաց, որ ոստիկանություն գրավոր հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին ու տվել բացատրություն:
«Փաստորեն լրագրողը ոչ միայն մարմնական վնասվածքներ է ստացել, այլև՝ գույքային, քանի որ ԲՏԱ նախարարը կոտրել է նրա համակարգիչն ու հեռախոսը։ Նախարարի արարքը պարզապես խուլիգանություն է։ Խոչընդոտվել է նաև մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի աշխատանքը»,- ասաց փաստաբանը:
Սոսե Չանդոյանը հավելեց նաև, որ ոստիկանությունից Փայլակ ֆահրադյանին արդեն ուղեգրել են դատաբժշկական փորձաքննության: Ապրանքագիտական փորձաքննություն դեռ չի կատարվել:
«Վստահաբար կարող եմ նշել, որ լրագրողը որևէ էթիկական նորմ չի խախտել, չի հայհոյել նախարարին ու նրա ուղեկից կնոջը, ինչպես պնդում են իշխանական թիմում, ինչը, բնականաբար, որևէ կերպ չապացուցվեց և չի ապացուցվելու, քանի որ ամբողջությամբ հերյուրանք է: Լրագրող Փայլակ Ֆահրադյանի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հետ կշփվենք օրենքով սահմանված ողջ գործիքակազմով, հարկ եղած դպքում հայցով կդիմենք դատարան։ Այս պահին կսպասենք Հատուկ քննչական ծառայության գործողություններին»,-ասաց Սոսե Չանդոյանը: