«ԵԱՀԿ գործող նախագահը թող իր օդանավով Հայաստան բերեր գոնե 5 գերի». Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի կարծիքով՝ նոյեմբերի 10-ին հաջորդած ամբողջ գործընթացներում թելադրողն Ադրբեջանն է:

«Մենք տեսնում ենք, որ այդ ամբողջ գործընթացն ընթանում է մեկ տրամաբանությամբ՝ Ադրբեջանն առաջ է քաշում իր ցանկությունները, պահանջները, և Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն կատարում են դրանք: Մենք չենք տեսնում որևէ կերպ մեր շահերի բարձրաձայնում, պաշտպանում և այլն, և այդ առումով շատերի համար զարմանալի էր, որ մենք վերջին մի քանի օրերին ԱԳՆ-ի կողմից սկսեցինք ինչ-որ հայտարարություններ լսել, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը կարծես արթնացավ քնից և որոշեց հիշել մեր շահերի մասին, բայց ընդհանուր գործընթացի տրամաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանն այս ամբողջ գործընթացում հանդես է գալիս՝ որպես հաղթող կողմ, Հայաստանի գործող իշխանությունները լիովին կապիտուլյացված իշխանությունների պես են իրենց պահում, և փաստացի մեր պարտությունը չի կանգնել նոյեմբերի 10-ին, մեր պարտությունը ամեն օր շարունակվում է, որովհետև ամեն օր Ադրբեջանը նոր պահանջներ է առաջադրում, Ալիևը, որ ժամանակին չէր կարող այս ամենի մասին երազել, այսօր մտածում է՝ է՞լ ինչ նոր բան կարելի է պահանջել հայերից: Մենք տեսնում ենք, որ դրան որևէ դիմադրություն մեր կողմից, ըստ էության, չկա, և ոչ միայն հայտարարություններին, այլև գործուն քայլերին, որոնք իրական խնդիրներ են ստեղծում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Աննա Կարապետյանի խոսքով՝ հայ գերիներին Ադրբեջանը քաղաքական նպատակներով օգտագործում է Հայաստանի դեմ, և Հայաստանը չի կարողանում դրան հակազդել.

«Նույնիսկ միջազգային ատյանների հետ չի տարվում համապատասխան աշխատանք, որպեսզի գոնե, եթե միջազգային կազմակերպություններից յուրաքանչյուրը կամ մեր գործընկեր, բարեկամ երկրների ղեկավարներից յուրաքանչյուրը անձնային շփումների, անձնական կապերի կամ ինստիտուցիոնալ կապերի միջոցով կարողանային ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, և ամեն մեկը գոնե 5 գերի վերադարձներ, առնվազն, որոշակի ժամանակ անց հույս կլիներ, որ գերիների խնդիրը կլուծվի: Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ընդամենն այդ մարդկանց ճակատագրերն օգտագործում է՝ Հայաստանին շանտաժի ենթարկելու և նորանոր պահանջներ առաջադրելու համար»:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի՝ տարածաշրջան կատարած այցին, նա նկատեց.

«ԵԱՀԿ գործող նախագահը ԵԱՀԿ-ի ամենաբարձր պաշտոնյան է այսօրվա դրությամբ, և երբ նա այցելում է տարածաշրջան, և նրա այցի հիմնական նպատակը ԵԱՀԿ-ի հեղինակությունը բարձրացնելն է և այս գործընթացում ԵԱՀԿ-ի դերակատարումը ապահովելը, շատ տրամաբանական կլիներ, որ հենց առաջին քայլը, որ կատարեր ԵԱՀԿ գործող նախագահը, լիներ գերիների հարցում ինչ-որ փոփոխություն մտցնելը:

Այսինքն՝ եթե ԵԱՀԿ գործող նախագահը սկզբից մեկնեց Բաքու և հետո նոր եկավ Երևան, թող իր օդանավով Հայաստան բերեր գոնե 5 գերի, այդ պարագայում, այո, լուրջ կլիներ խոսել նրա մասին, որ ԵԱՀԿ-ն կարող է դերակատարում ունենալ, իր իմիջը այս ամենի ներքո փոխել, և այլն:

Այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ գործող նախագահն էլ տուրք տալով Ադրբեջանի հռետորաբանությանը, քաղաքականությանը՝ ընդամենը սահմանափակվեց ոչինչ չասող հայտարարությամբ, և ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ համարձակություն ունեցավ հերթական անգամ հայտարարել, որ այդ մարդիկ գերիներ չեն, նրանք ահաբեկիչներ են և այլն: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշում, որպես այդպիսին, չկա:

Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի այցը հենց պետք է այդ ճնշման մեծագույն դրսևորումներից մեկը լիներ, որովետև Ադրբեջանը փաստացի խախտել է ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը, սանձազերծել է պատերազմ՝ Թուրքիայի հետ միասին, հիմա էլ շարունակում է այդ հումանիտար կարևորագույն խնդիրը չլուծված թողնել և դա օգտագործել Հայաստանի դեմ: Եվ ի՞նչ է անում ԵԱՀԿ գործող նախագահը՝ նա գալիս է, շատ քաղաքակիրթ, դիվանագիտական ձևակերպումներով հանդիպումներ է ունենում և որևէ հարցում որևէ առաջընթաց չի ապահովում, նույնիսկ՝ ագրեսիայի ուղղակի գնահատական և քննադատություն չհնչեց նրա կողմից»:

Աննա Կարապետյանն ընդգծեց՝ Հայաստանին այս իրավիճակում պետք է այնպիսի իշխանություն, որը զերծ կլինի կապիտուլյանտ իշխանություն լինելու բարդույթներից, Ադրբեջանին տրված գաղտնի, չբացահայտված խոստումներից. «Պատերազմի հետևանքներն այլևս փոխել հնարավոր չէ այսօրվա դրությամբ, նոյեմբերի 10-ի հայտարարությունը փոխել նոր իշխանությունը դժվար թե պատրաստվի, սակայն նույն նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ կան մի շարք դրույթներ, որոնց վերջնական լուծման բանալին դեռևս հստակեցված չէ՝ փախստականների խնդիրը, ենթակառուցվածքների խնդիրը, դեմարկացիոն խնդիրը, բացի այդ՝ զուտ հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր դեռ կարգավորված չեն, նույն՝ կարգավիճակի հարցը: Այս բոլոր հարցերը հետագա բանակցման, հետագա կարգավորման առարկա են, և մեր հետագա օրակարգը պետք է այս բոլոր հարցերը ներառի՝ մեր շահերից ելնելով՝ ճիշտ դիրքավորմամբ: Իսկ գործող իշխանությունը բացառապես սպասարկում է Ալիևին և Ադրբեջանի շահը, մենք չենք տեսնում, որ գործող իշխանությունը որևէ հարցում Հայաստանի շահը սպասարկի»:

Կառավարության մարտի 18-ի նիստի օրակարգում է ներառվել Ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, ինչպես նաև սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Աննա Կարապետյանն անդրադառնալով ԱԱԾ այս նախագծին՝ ասաց. «Տպավորություն է, թե գործող իշխանությունների հիմնական նպատակը Ադրբեջանի համար խնդիրներ չստեղծելն է: Տեսնում ենք՝ ինչ է կատարվում Սյունիքում, և ինչպես է դրան արձագանքում ԱԱԾ-ն՝ հերթական օրինագիծ առաջ քաշելով, որպեսզի այնտեղ նկարահանումներ տեղի չունենան, որպեսզի Ադրբեջանը չանհանգստանա: Որոշ ժամանակ առաջ փորձում էին սահմանափակել լրագրողների մուտքն այդ տարածաշրջան:

Այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ նրանք պարարտ հող են ստեղծում, որ Ադրբեջանն ինչ ցանկանում է՝ անի, հանրությունը չնկատի, չբարձրաձայնվի, հանրության մոտ դժգոհության ալիք չառաջանա, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է փորձ արվի սահմանափակել այդ ամենի բարձրաձայնումը: Նույն ԱԱԾ-ն ներկայացված օրինագծի հիմնավորման մեջ նշում է, որ այս ամենն անհանգստություն է առաջացնում հարևան երկրի սահմանապահ իշխանությունների մոտ, ինչը ցանկալի չէ, և այլն: Այսինքն՝ սա հերթական դրսևորումն է նրա, որ Հայաստանի պետական համակարգը ոչ միայն չի պաշտպանում իր քաղաքացիներին և իր ազգային պետական շահերը, այլ նաև տուրք է տալիս Ադրբեջանի անհանգստություններին, ցանկություններին և ամեն ինչ անում է՝ Ադրբեջանի հետ խնդիրներ չունենալու համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս