«Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի». Ռուստամ Բադասյան

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ  ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացության արժանացավ  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին», ինչպես նաև  կից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Ներկայացնելով նախագիծը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի՝ մրցութային խորհրդի առաջարկած երեք թեկնածուներից մեկին նշանակելու է Կառավարությունը։

«Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Այն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Այն անկախ է և առաջնորդվում է  միայն ՀՀ սահմանադրությամբ,- պարզաբանեց Ռուստամ Բադասյանը և հավելեց,- Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի»։

Ըստ նրա, Հակակոռուպցիոն կոմիտեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, իր պաշտոնական կայքէջում հրապարակելու է գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

Արդարադատության նախարարը նաև շեշտեց, որ կոմիտեի նախագահը կունենա երեք տեղակալ, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարող երկու անգամ անընդմեջ ընտրվել։

Տեսանյութեր

Լրահոս