«Իշխանությունն ամեն գնով պատրվակ է փնտրում ընտրությունները հետաձգելու համար». Տարոն Սիմոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ԼՀԿ-ի համար ո՛չ հին, ո՛չ էլ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունելի չէ՝ արտահերթ ընտրությունների գնալու համար։
«Երկուսի պարագայում էլ ակնհայտ է գործող իշխանությունների քաղաքական շահը, եթե նախկինում նախորդ իշխանությունն էր իրեն հարմար Ընտրական օրենսգիրք ընդունել, հիմա էլ գործող իշխանությունն է իրեն հարմար օրենսգիրք ընդունում։ Ես չեմ ուզում բովանդակային, դետալային քննարկման մեջ մտնենք, որովհետև այստեղ առաջնային մեկ այլ հարց է՝ իշխանությունն ամեն գնով պատրվակ է փնտրում ընտրությունները հետաձգելու համար։ Հիմա եթե բացենք նոր Ընտրական օրենսգրքի քննարկման ու ընդունման հարցը, մի քանի ամիս պետք է ձգվի ամբողջ գործընթացը, առնվազն մի 6 ամիս էլ պետք է, որպեսզի ադապտացվի ընդունված օրենսգիրքը։ Հետևաբար՝ այս ամենը ես դիտարկում եմ՝ իշխանության կողմից հերթական մանիպուլյատիվ քայլ, որպեսզի ամեն գնով հետաձգեն ընտրությունները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Սիմոնյանը։
Անդրադառնալով ԱԱԾ-ի ներկայացրած և Կառավարության ընդունած նախագիծը, ըստ որի՝ արգելվում է որևէ նկարահանում սահմանամերձ շրջաններում, Տարոն Սիմոնյանը նշեց, որ այդ ամենն իր համար անընդունելի է։