Հայաստանում շուրջ 1 ամիս է, ինչ ռիսկի խմբում գտնվող քաղաքացիները և բուժաշխատողները պատվաստվում են COVID-19-ի դեմ
«Պատվաստումներն արդեն իսկ սկսվել են, և մենք իրականացնում ենք ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողների պատվաստումներ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով COVID-19-ի դեմ պատվաստումներին։
Նախարարի խոսքով՝ պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ բանակցությունները շարունակվում են, այդ թվում՝ AstraZeneca-ի ձեռքբերման համար, և որոշումները կկայացվեն՝ հիմնվելով միջազգային կառույցների մասնագիտական եզրակացություններին։
Լրագրողների դիտարկմանը, որ եվրոպական մի շարք երկրներում AstraZeneca-ով պատվաստվելը մահվան ելք է ունեցել, Ավանեսյանը պատասխանեց․
«Մի շարք երկրներ ժամանակավորապես AstraZeneca ընկերության պատվաստանյութի որոշ խմբաքանակների օգտագործումը կասեցրել են, որպեսզի մասնագիտական հանձնաժողովները պարզեն՝ արդյոք պատվաստումից հետո քաղաքացիների մոտ ի հայտ եկած կողմնակի երևույթները կապվա՞ծ են պատվաստանյութի հետ, թե՞ ոչ։ Ես անցյալ օրն էլ կրկնեցի, որ մենք ուշադիր հետևում ենք, կապի մեջ ենք, և երբ լինի գնահատականը, ապացուցվի պատճառահետևանքային կապը, ապա մենք ինքներս էլ կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մեր հետագա բանակցությունների ընթացքը տեսնելու համար․․․»։
Ավանեսյանը հավելեց, որ ճիշտ է, Հայաստանը պատվիրել է նաև AstraZeneca պատվաստանյութ, սակայն այս պահին այդ խմբաքանակն առկա չէ, այդ պատճառով չի կարող խոսք գնալ AstraZeneca-ի պատվաստումը կասեցնելու մասին։
Հարցին՝ հայտնի՞ է, թե երբ են սկսվելու զանգվածային պատվաստումները, նախարարը պատասխանեց․
«Մեր ռիսկի խմբերին աստիճանաբար, խմբաքանակների ներկրմանը համընթաց՝ ներգրավելու ենք պատվաստման գործընթացում։ Արդեն 1 ամիս է, որ պատվաստանյութը ստացել ենք, և գործընթացն ընթանում է»։
Լրագրողները նախարարին հարց ուղղեցին նաև Սպուտնիկ-V պատվաստանյութի արժեքի մասին, որը, ինչպես հայտնեց նախարարը, այսօր կիրառվում է ռիսկի խմբերում: Անահիտ Ավանեսյանը խուսափեց պատասխանել հարցին՝ պատճառաբանելով, թե երբ պայմանագիրը, բոլոր ընթացակարգերի համաձայն՝ հրապարակվի, այնտեղ նաև արժեքները կնշվեն։