ԱՀ նախագահի կողմից շնորհած պարգեւները հանձնվեցին զոհված զինծառայողների ծնողներին
2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության եւ խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու «Արիության» մեդալով են պարգեւատրվել Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքը ներկայացնող ժամկետային զինծառայողներ Վիգեն Եղիազարյանը եւ Ռաֆիկ Խեքոյանը, իսկ նույն համայնքի զինծառայող Հակոբ Հարությունյանը, ինչպես նաեւ Նորատուս համայնքի զինծառայողներ Խաչիկ Ավետիսյանը, Արտյոմ Խաչատրյանը եւ Մարսել Ասատրյանը, դարձյալ հետմահու, արժանացել են «Մարտական ծառայության» մեդալի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Սարուխանի եւ Նորատուսի համայնքապետարաններում կազմակերպված հանդիպումների ընթացքում պարգեւները հանձնել է զոհված զինծառայողների ծնողներին:
«Այս պարգեւների իմաստը կայանում է նրանում, որ մեր զինվորները, ինչպես նաեւ նրանց զինակից ընկերները, հերոսաբար են կռվել: Տղաները դժբախտ պատահարի զոհեր չեն, նրանք գիտակցված մարտի են դուրս եկել, համառորեն պայքար մղել եւ իրենց կյանքը նվիրել հանուն հայրենիքի սահմանների պաշտպանության: Հարգարժան ծնողնե՛ր, ծանր է ձեր կորուստը, անդառնալի, սակայն դուք այդ վշտի մեջ պետք է հպարտ լինեք, որ հերոս զավակներ եք ծնել: Այն հողը, որի վրա մենք այսօր ապրում ենք ու արարում, մեզ է տրված նրանց հերոսությունների շնորհիվ, եւ մենք պարտավոր ենք այն շենացնել ու հզորացնել այնպես, ինչպես որ իրենք էին ցանկանում: Մեր խոնարհումն ենք բերում մեր քաջ տղաների հիշատակի առջեւ եւ մեր պատրաստակամությունը հայտնում՝ աջակցել ձեր ընտանիքներին»,- ասել է մարզպետ Գնել Սանոսյանը:
Հիշատակի եւ երախտագիտության խոսքեր են հնչեցրել նաեւ Սարուխան եւ Նորատուս համայնքների ղեկավարները:
Խոսրով Խլղաթյան