Իսրայելի հայ համայնքի անդամները հորդորել են կառավարությանը դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին
Իսրայելում Հայկական համայնքների միությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ իր ձայնը բարձրացնելով այն փաստի դեմ, որ միջազգային պաշտպանական էլեկտրոնային Elbit Systems ընկերությունն իր արտադրած զենքերը մատակարարում է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Իսրայելը մատակարարում է Ադրբեջանի ռազմամթերքի 60 տոկոսը, այդ թվում և անօդաչու թռչող սարքերն ու կլաստերային ռումբերը, որոնք արգելված են մոտ 100 երկրի կողմից: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանն օգտագործում էր իսրայելական զենքերն անմեղ քաղաքացիական բնակչության, այդ թվում և կանանց ու երեխաների, տարեցների, ինչպես նաև հիվանդանոցների ու եկեղեցիների վրա հարձակում գործելու նպատակով:
Ներկայում Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունը զենքի վաճառքի մեկ այլ համաձայնագրի շուրջ քննարկումներ է իրականացնում Ադրբեջանի հետ, ինչին ի պատասխան տեղի հայկական համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացրել:
Հավաքվելով Elbit Systems ընկերության դիմաց՝ համայնքի անդամները պահանջել են Իսրայելի կառավարությունից դադարեցնել զենքի մատակարարումն Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին: Հայերը հիշեցրել են, որ Ադրբեջանում աճող իսլամիստական ֆունդամենտալիզմի և ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության պայմաններում այդ երկիրը չի կարող վստահելի դաշնակից լինել Իսրայելի համար: