Սյունիքն անվտանգ չէ, վտանգավոր է։ Ցանկացած պահի վտանգ կա․ Սյունիքի համայնքապետերը՝ Արմեն Խաչատրյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը մարտի 15-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր Սյունիքում տիրող իրավիճակին, և վստահեցրեց, թե Սյունիքն այսօր շատ անվտանգ է։

«Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել, այդ աշխատանքների մի մասին անձամբ մասնակցություն եմ ունեցել։ Սակայն սա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում էր, որ համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին ու գնային պայքարելու թշնամու դեմ, նման բան չի եղել, որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, և դրա անհրաժեշտություն չկա։ Որևէ համայնքապետի կամ համայնքապետի ջոկատ տեսե՞լ եք, որ պայքարի ադրբեջանցու դեմ, և որտե՞ղ է այդ պայքարը եղել, ուզում եմ իմանալ։

Իհարկե, Սյունիքն անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում, այսքան ժամանակ ի՞նչ է  եղել Սյունիքում, պատերազմից հետո ինչ-որ մեկը Սյունիքում վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին թշնամու, հակառակորդի կողմից վնաս հասցվե՞լ է, ինչ-որ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս կրե՞լ է»,- ասել էր Արմեն Խաչատրյանը։

Իշխանական պատգամավորի այս հայտարարությունից հետո սյունեցիներն իրենց վրդովմունքն ու զայրույթն էին արտահայտել՝ նշելով, որ ինչպես կարող են խոսել անվտանգ Սյունիքից, երբ իշխանության ձեռամբ ադրբեջանցի զինվորներն իրենց դրոշներով արդեն Սյունիքում են։

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ իշխանությունը 6 ամիս առաջ էլ էր ասում, որ երկիրն անվտանգ է, բայց արդյունքում պատերազմ եղավ։

«Այդ ո՞վ կարող է ասել, որ անվտանգ ենք՝ ոչ ոք, իսկի Ռուսաստանը, որ գերտերություն է, չի կարող ասել, որ անվտանգ է։ Ենթադրենք, գնում-գալիս ենք Կապան, կամ այս պահին գյուղի կենտրոնում կանգնած ենք՝ հա, անվտանգ ենք, բայց մենք ի՞նչ գիտենք՝ գիշերը մեզ հետ ի՞նչ է լինելու, կամ վաղն ի՞նչ է լինելու, ո՞վ է երաշխավորելու»,- նշեց Ներսես Շադունցը։

Նա նաև ընդգծեց, որ Արմեն Խաչատրյանը Արցախի պատերազմի օրերին երկու անգամ այցելել է Տեղ համայնք։

«Ես նրա անձի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, ինքն ինչ ասել է, թող իր ասածի պատասխանն ինքը տա։ Ինչ վերաբերում է, թե համայնքի ղեկավարներն ինչ-որ բան արել կամ չեն արել, սրա պատասխանը թող ինքն իր խղճին տա։ Նա եկել, ամեն ինչ տեսել ու գնացել է։ Ամեն մարդ իր ասածի պատասխանն ինքն է տալու։ Ես կոնկրետ հիմա իմ բնակիչներին չեմ կարող ասել, որ հիմա անվտանգ եք, հանգիստ եղեք։ Այսօր ով կանգնի-ասի, թե՝ ժողովուրդ, դուք անվտանգ եք՝ կհայտնվի ծիծաղելի վիճակում, բա որ երկու օրից մի բան կատարվի, ո՞վ է դրա պատասխանը տալու։ Ես իսկի ժամանակ էլ չունեմ որևէ բան ասելու, ես ավելի կարևոր գործեր ունեմ՝ ավելի լավ է մեկ քարը քարի վրա դնեմ, քան թե ինչ-որ մեկի ասածներին պատասխան տամ․ ասելով չէ, գործ անելով է»,- նշեց Ներսես Շադունցը։

Ի դեպ, Ներսես Շադունցը նաև 168.am-ին տրամադրեց մեկ լուսանկար, որն արվել է պատերազմի օրերին իր կողմից կազմավորված ջոկատի տղաներից մի մասի հետ։

Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի խոսքով՝ մեկ անգամ չէ ասել, որ այսօր Սյունիքում անվտանգ չէ։

«Չկա նման մեկ մարդ, որ ասի՝ այսօր Սյունիքում անվտանգ է, եթե անվտանգ է, թող իրենց ընտանիքի հետ գան այստեղ ապրելու։ Արմեն Խաչատրյանը շատ բաներ է ասում ու չգիտի, թե ինչ է ասում։ Նա սյունեցու անունից որևէ բան չի կարող ասել։ Նա ասում է, որ որևէ գյուղապետ ու համայնքապետ չի կռվել՝ իրենց ջոկատներով, Արմեն Խաչատրյանը գիտի՝ ես ով եմ, ու ինքն էլ գիտի, թե ով է նման բան ասում։ Ես չեմ կարող ասել, թե իրենք ինչու են նման քարոզչություն անում, թող ղեկավարությունն ասի։ Արմեն Խաչատրյանը երբ իմ դիմաց նստի, մենք կխոսենք, ես իր պատասխանը կտամ, նա էլ թող իմ պատասխանը տա»,- շեշտեց Սուրեն Օհանջանյանը։

Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն էլ մեզ ասաց, որ չի կարող ամեն մարդու փոխարեն պատասխան տալ։

Հարցին՝ իր համար Դավիթ Բեկն ու Սյունիքն առհասարակ այսօր անվտա՞նգ են, Բենիամին Պողոսյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանում, վերջ»։

Ըստ Սրաշենի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյանի՝ թշնամին Սրաշենից գտնվում է 2 կմ հեռավորության վրա, ուստի այստեղ անվտանգ լինելու հարց կարո՞ղ է լինել։

«Թուրքերը մեր քթի տակ են, անորոշությունը, վախը սրաշենցու մոտ միշտ էլ եղել է, կա։ Չեմ կարող ասել, թե ինչու են նման քարոզչություն անում, ճիշտ է, այսօր բնակչության շրջանում խուճապ չկա, բայց թշնամին մեզանից գտնվում է 2 կմ հեռավորության վրա՝ Կապան-Ճակատեն ճանապարհի վրա են, նրանք դեռ որևէ բան չեն արել, բայց վախն ու անորոշությունը կա, քանի որ գնում ես ու չգիտես՝ ինչ կլինի։ Մենք վախով քնում ու արթնանում ենք։ Արմեն Խաչատրյանը Սրաշեն չի այցելել, Երևանից պաշտոնատար անձ Սրաշեն այցելել է միայն Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը»,- եզրափակեց Անահիտ Բաղդասարյանը։

Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ ասաց. «Ես միայն մեկ բան կասեմ՝ Սյունիքն անվտանգ չէ, վտանգավոր է։ Ցանկացած պահի վտանգ կա։ Արմեն Խաչատրյանն այստեղ ինձ մոտ եղել է, գիտի՝ մեզ մոտ անվտանգ չէ։ Այս ամենը գուցե նորից փափուկ բարձ է, որը դնում են մեր գլխի տակ, բայց Աստված չանի․․․»։

Ճակատենի գյուղապետ Հուսիկ Սարուխանյանն ընդգծեց, որ, իհարկե, Սյունիքն անվտանգ չէ. «Նման բան չկա, ո՞վ է ասում, որ Սյունիքն անվտանգ է, ամեն րոպե մեզ վտանգ է սպառնում»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Սյունիքում հայկական բոլոր շահեկան դիրքերը հանձնեցին թշնամուն, Նիկոլ Փաշինյանից սկսած մինչև ԱԺ իշխանական տարբեր պաշտոնյաներ՝ հայտարարում էին, որ Սյունիքից 1 սմ անգամ թշնամում չի զիջվել։ Մինչդեռ ադրբեջանցի զինվորներն իրենց դրոշներով ու «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակներով Սյունիքում են։

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ Արման Եղոյանն էլ, Սյունիքում տեղի ունեցածը վերջերս բացատրել էր հետևյալ կերպ. «Սյունիքում այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել պատերազմի սպառնալիքի տակ, հասկանալի՞ է»։

Հավելենք, որ Պաշտպանության նախարարը, Կառավարության ղեկավարը, Կառավարության տարբեր անդամներ մինչև օրս Սյունիքի համայնքի ղեկավարներին որևէ կերպ բացատրություն չեն տվել, թե ինչու է ադրբեջանցին հայտնվել Սյունիքում՝ ՀՀ տարածքում, այն դեպքում, երբ պատերազմը տեղի էր ունենում Արցախում, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Սյունիքի մասին որևէ խոսք չկա, ավելին՝ այնտեղ հստակ գրված է, որ պատերազմի երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են եղել նոյեմբերի 9-ին։

Տեսանյութեր

Լրահոս