Մի թեյի գդալ էլ չունենք. Շուշեցի ընտանիքին տնտեսական ապրանքներ են անհրաժեշտ
«Սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ սկսվեց պատերազմը՝ սանձազերծված Ադրբեջանի կողմից, դուրս եկանք Շուշիից, սակայն ոչ մեկի մտքով չէր անցնում, որ հնարավոր է՝ Շուշին ընկնի: Անհնար էինք դա համարում, մտածում էինք, որ շուտով հետ ենք վերադառնալու»,- պատմում է Նունե Սարգսյանը:
Նա տեղեկացրեց, որ ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ, անգամ՝ հագուստ:
«Երևանում վարձով ենք ապրում, վճարում ենք շուրջ 120.000 դրամ: Օգտվել ենք Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից, ստացել ենք 300.000-ական դրամները, իսկ այս պահին աշխատանք ենք փնտրում: Ամուսինս իրավաբան է, աշխատել է Ազգային անվտանգությունում, հիմա աշխատանք է փնտրում: Ես աշխատել եմ Շուշիի քոլեջում»,- նշեց տիկին Նունեն:
Ինչ վերաբերում է Արցախ վերադառնալուն՝ նա շեշտեց, որ գնալու ցանկություն կա, բայց տուն-տեղ չկա: Ու քանի դեռ այդ հարցը լուծված չէ, այժմ նրանք օգնության կարիք ունեն։
«Կուզեինք, եթե հնարավոր է՝ տնտեսական ապրանքներով օգնեին..․ լվացքի մեքենա, խոհանոցի պարագաներ… մի թեյի գդալ էլ չունենք»,- նշեց մեր զրուցակիցը:
Ընտանիքի անդամներն ունեն նաև դեղորայքի կարիք. «Տրիպլիկսամ» 10 մգ, 2.5 մգ, 10 մգ, «Դիաբետոն», «Կոնկոր» 10 մգ, ինչպես նաև անհրաժեշտ է ճնշումը չափելու սարք:
Օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արցախբանկ»-ում Նինա Սարգսյանի անունով բացված այս հաշվեհամարին՝ 22302111522300։