Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը խուսափում այցելել Արցախ․ մինչև պատերազմը նա Արցախում եղել է 10 անգամ

Արցախի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ Արցախ չի այցելել՝ տեսնելու, թե պատերազմից ու իր կողմից կապիտուլյացիա ստորագրելուց հետո ինչպես է ապրում արցախցին։ Նկատենք, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո իր առաջին աշխատանքային այցը՝ մայիսի 9-ին, կատարել էր Արցախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման, Շուշիի ազատագրման օրվան և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Այն նույն Շուշիի ազատագրման տոնին, որը Փաշինյանն ԱԺ ամբիոնից անվանեց դժբախ և դժգույն քաղաք։

1,5 ամիս անց Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր Արցախ՝ եղել էր Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցում։

Երեք ամիս  անց՝ նույն թվականի սեպտեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Արցախ՝ Արցախի հյուսիսային հատվածի պաշտպանական դիրքեր այցելելու համար։

Հաջորդ այցը տեղի է ունեցել 2019թ․ մարտին, որին հաջորդել էր մայիսի 9-ի այցը՝ Եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար․ նա Արցախ էր գնացել տիկնոջ հետ։

Ամիսներ անց՝ օգոստոսի 7-ին, Նիկոլ Փաշինյանը կրկին Արցախում էր՝ մասնակցելու Համահայկական ամառային յոթերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ ելույթ էր ունեցել և վստահեցրել, որ հայն ապրելու է ազատ ու երջանիկ Հայաստանում, Արցախում։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր գրած բանաստեղծություններից մեկը, որը, ըստ նրա, գրել էր 2016 թվականին՝ Մարտակերտի շրջանում որպես Պաշտպանության բանակի կամավոր մարտական հերթապահություն իրականացնելիս։ Բանաստեղծությունը վերնագրված էր «Հայոց զորքը հարթավայրում»։

Այնուհետև նա Հայաստանում հայ ժողովրդին ամեն առիթով ասվող «կախարդական» բառերն ասել էր նաև Արցախում. «Հպարտ ենք ձեզանով, սիրելի արցախցիներ, խոնարհվում ենք ձեր առաջ, սիրելի արցախցիներ, սիրում ենք բոլորիդ, սիրելի արցախցիներ»։

Նա ներկայացրել էր նաև ՀՀ մինչև 2050 թվականի ռազմավարությունը, որտեղ Արցախի մասին որևէ խոսք չկար, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ դրա պատասխանը մեկն է՝ Արցախը Հայաստան է, և վերջ։

Նույն թվականի նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ այցելել էր Արցախ և Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ ծանոթացել առաջնագծում եղած իրավիճակին։

2020 թվականի հունվարի 28-ին՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, կրկին այցելել էր Արցախ, որտեղ Շահումյանի շրջանում մասնակցել էր սպաներին բնակարաններ տրամադրելու հանդիսավոր արարողությանը։

2020 թվականի մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ կրկին Արցախում էր՝ Եռատոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Այդ այցի ժամանակ նա ծաղիկներ էր խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի Շուշիում գտնվող արձանի մոտ՝ այն նույն արձանի, որն ադրբեջանցիների ձեռքով պղծվեց ու ոչնչացվեց։

Նիկոլ Փաշինյանի ու տիկնոջ հաջորդ այցը Արցախ՝ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով էր, որը կայացել էր Շուշիում՝ մայիսի 22-ին։

Այս այցին հաջորդել էր օգոստոսի 30-ին տեղի ունեցած այցը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց էր ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Արցախ կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին, որի ժամանակ ծանոթացել էր առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաև ԶՈՒ առաջիկա քայլերին։

Այս այցից արդեն անցել է 5 ամսից ավելի, սակայն ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա տիկինը, որը պատերազմի օրերին կազմել էր «Էրատո» ջոկատ և գնացել էր դիրքեր պաշտպանելու՝ չեն այցելել Արցախ, ի տարբերություն Իլհամ Ալիևի և նրա կնոջ, որոնք Շուշիում ցուցադրական թեյախմություն էին կազմակերպել։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2020 թվականին սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սանձազերծեց պատերազմ, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ստեփանակերտում է. «Եկել եմ արցախցի մեր քույրերի և եղբայրների կողքին լինելու»:

168.amԱդրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ իր համար հասկանալի՞ է, թե ինչու պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը որևէ անգամ չի այցելել Արցախ՝ տեսնելու, թե ինչպես են ապրում արցախցիները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։

«Ես դժվարանում եմ հոգեկան խանգարում ունեցող անձի մոտիվացիաները բնութագրեմ կամ վերլուծեմ, դժվարանում եմ պատասխանել, թե ինչ մտքեր են գեներացվում Նիկոլ Փաշինյանի ուղեղում։ Նա առհասարակ կատարում է այն, ինչը նրան հրահանգում են դրսից, և չեն թողել՝ չի գնացել։ Ես մեկ բան վստահ կարող եմ ասել, որ Փաշինյանն այն մարդը չէ, որը կարող է որոշակի որոշումներ կայացնել ու այդ որոշումներն իրագործել։ Եթե նա ինչ-որ բան անում է, նշանակում է՝ ինչ-որ մեկը նրան ստիպել է կամ պարտադրել է, կամ էլ համոզել»,- ասաց Արմինե Ադիբեկյանը։

Նշենք, որ Ադրբեջանի նախագահն Արցախի պատերազմից հետո դժգոհել էր, որ ՀՀ պաշտոնյաներն այցելում են Արցախ, նա հայտարարել էր, որ այսուհետ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է Արցախ գնան միայն Ադրբեջանի թույլտվությամբ։
Նիկոլ Փաշինյանի Արցախ չայցելելու հետ կապված տարբեր հարցեր են առաջանում։ Բացի քաղաքական հարցադրումներից, կան նաև այլ հարցեր։ Խոսքն այս դեպքում վարչապետին սպասարկող ուղղաթիռի մասին է։

Բոլորն են հիշում Փաշինյանի պատճառաբանությունը, թե ինչու է պետական ինքնաթիռն այդքան հաճախ սպասարկում Փաշինյանների ընտանիքին՝ պետության միջոցների հաշվին նրանց պարբերաբար Արցախ տեղափոխելով՝ ծառայության մեջ գտնվող որդուն տեսակցելու համար։ Փաշինյանը հայտարարել էր, թե երբ ուղղաթիռը երկար ժամանակ թռիչք չի կատարում, ապա ժանգոտում է, ուստի դատարկ թռիչքներ չլինելու համար նրանք ընտանիքով որոշել էին գնալ իրենց որդուն տեսակցել՝ երբ ցանկանում են։

Հիմա հարց է առաջանում՝ այդ ուղղաթիռը չի՞ ժանգոտել այսքան ամիսներ թռիչքներ չկատարելով։

Տեսանյութեր

Լրահոս