Գյումրիում կատարված սպանության գործի նախաքննությամբ բացահայտվել են որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանության դեպքեր. երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին Գյումրիում 35-ամյա տղամարդու սպանության և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության դեպքերի բոլոր հանգամանքները, միջադեպերին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սպանությունից ժամեր առաջ՝ 18:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի 34-ամյա բնակիչն ընկերների հետ վիճաբանել է 23-ամյա երիտասարդի և նրա ընկերների հետ, որի ժամանակ որպես զենք օգտագործվող երկաթյա ձողի գործադրմամբ, բռնություն է գործադրվել վերջիններիս նկատմամբ: Պարզվել է նաև, որ նույն անձինք, մահակի և քարերի գործադրմամբ, վնասել են նաև կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ արդյունքում խանգարելով մոտակայքում գտնվող քաղաքացիների, հարակից շենքերի բնակիչների հանգիստը, խաթարելով երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Բռնության ենթարկված 23-ամյա երիտասարդը, չհանդուրժելով իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, վրեժի շարժառիթով, վիճաբանել է մահակով իրեն ծեծի ենթարկած անձանց հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 35-ամյա համաքաղաքացու որովայնի շրջանին, վնասելով որովայնային աորտան, ինչի արդյունքում վերջինս մահացել է:
Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նույն օրը, մինչ վերոհիշյալ միջադեպը, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում տեղի է ունեցել ևս մեկ միջադեպ՝ 34-ամյա տղամարդու և վերջինիս ընկերների, այդ թվում՝ 35-ամյա տղամարդու մասնակցությամբ:
Մասնավորապես՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին` ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, 34-ամյա տղամարդն իր երեք ընկերների և ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ, խմբի կազմում, բարոյականության նորմերն արհամարհելու ներքին բավականության զգացումով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման ձգտումով, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և անցորդների, մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` վերջիններիս ներկայությամբ վիճաբանել է այլ համաքաղաքացիների հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող երկաթյա ձողի գործադրմամբ բռնություն է գործադրել նրանցից մեկի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով վերջինիս գլխին և մարմնի տարբեր հատվածներին:
Բացի այդ, 34-ամյա տղամարդը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք և լինելով ոչ սթափ վիճակում, 2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրական սյանը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (2 դրվագ), իսկ վերջինիս երկու ընկերներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Խուլիգանության դրվագներով, երեք մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Սպանության դրվագով և ինքնությունը դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
23-ամյա երիտասարդի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեղադրանքով, հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս, ինչպես նաև՝ խուլիգանությանը մասնակից մյուս անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: