«Հանրագրերի ինստիտուտը գրեթե չի աշխատում, Հանրագրեր գրեթե չեն ներկայացվում». Արդարադատության փոխնախարար

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել է Կառավարությունը։

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝  Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ հաշվի առնելով Հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած իրավական խնդիրները, որոնք պայմանավորված են էլեկտրոնային հարթակի միջոցով հրապարակվող հանրագրերի առանձնահատկություններով, անհրաժեշտություն է  առաջացել  իրականացնել փոփոխություններ։

«Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է  հստակեցնել կոլեկտիվ, կրկնակի Հանրագիր էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացվող Հանրագիր հասկացությունները, փոխել պահանջները, ապահովել էլեկտրոնային հարթակի միջոցով կամ թղթային եղանակով  ներկայացվող նույնաբովանդակությունը։ Նախատեսվում է նաև հստակեցնել հանրագրի վերադարձման կարգը, ինչպես նաև հանրագիրը մերժելու հիմքերի շրջանակը»,- նշեց Վահե Դանիելյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  Արդարադատության փոխնախարարին հարց ուղղեց,  թե հանրագրերի վերաբերյալ որևէ վիճակագրություն ունե՞ն,  ի՞նչ նոր հանրագրեր են ներկայացվել։

Վահե Դանիելյանը հարցին պատասխանեց, որ մի քանի տարի է՝ գործում է օրենքը, բայց, ցավոք, այդ ինստիտուտը գրեթե չի աշխատում։

«Հանրագրերի ինստիտուտը գրեթե չի աշխատում, այսինքն՝ Հանրագրեր գրեթե չեն ներկայացվում, դրա համար ընթացակարգերը հեշտացվում են՝ հույս ունենալով, որ այս ինստիտուտը կսկսի հստակ գործել»,- նշեց Վահե Դանիելյանը։

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացութուն տվեց օրենքի նախագծին։

 

Տեսանյութեր

Լրահոս