Բաժիններ՝

Ժողովրդական և լատինաամերիկյան հիթեր. Վիգեն Հովսեփյանը երկրպագուներին կներկայանա նոր համերգներով

Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որն ինքնատիպ մեկնաբանությամբ է ներկայացնում հայկական ժողովրդական երգերը, իսպանական սիրված ստեղծագործությունները, համավարակով, պատերազմով պայմանավորված երկարատև դադարից հետո կրկին վերադառնում է բեմ: Նա NemRoot Project-ի հետ արդեն ներկայացել հայկական ժողովրդական երաժշտության համերգներով, իսկ մարտի 25-ին «12» ակումբում հանդես կգա իսպանական երգերով:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովսեփյանը խոստովանում է, որ NemRoot Project-ի հետ համերգային գործունեությանը վերադառնալը լավագույն տարբերակն էր, որը հնարավորություն կտար դուրս գալ սթրեսից և հնչեցնել հայկական երաժշտություն: «Ի ուրախություն մեզ՝ հանրությունը սպասում էր համերգների. երեկոները բավականին սահուն, հետաքրքիր անցան: Մարդիկ կարոտել էին մեր մշակույթը»,-շեշտում է երաժիշտը:

Հովսեփյանը կարծում է, որ մշակույթը պետք է օգնի ոչ թե ծանր ժամանակներում, այլ մինչ դա, ինչն էլ հնարավորություն կտա չհասնել ծայրահեղությունների: Երգչի հավաստիացմամբ՝ դժվար իրավիճակներում մշակույթը սփոփում է, ոչ թե օգնում, իսկ եթե զինվենք մշակույթով, գնահատենք ու կարևորենք այն, բազմաթիվ խնդիրներից զերծ կմնանք:

Մարտի 25-ի համերգին երգիչը կհամագործակցի RumBarkeno Project-ի հետ՝ կատարելով լատինաամերիկյան հիթեր, որոնց երկրպագուները քիչ չեն: Կհնչեն Մարկ Էնթոնիի, Ռիկի Մարտինի և այլ սիրված երաժիշտների երգեր: Վիգենը նշում է, որ կկատարի նաև հայկական որոշ գործեր: Կլինեն ստեղծագործություններ, որոնց հայ երաժշտասերները գուցե ծանոթ չեն:

Երգիչն օրեր առաջ ներկայացրել էր Կոմիտասի մշակմամբ «Զուլո» երգի հոլովակը, որում Զուլոն պատահաբար պարզում է, որ հայուհի է, և որոշում է գտնել իր հայրենիքը: Տեսահոլովակը դիտելիս պարզ չէ՝ նա կարողանո՞ւմ է հասնել Հայաստան, թե՞ ոչ:

Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ հաճախ է երգը կատարել իր տարբեր համերգներին: «Այն Կոմիտասի գրառած ստեղծագործություններից է, բայց լայն տարածում չի ունեցել, հիմնականում կատարվել է ակապելա տարբերակով: Առաջին անգամ այն հենց այդ տարբերակով լսեցի ու սիրահարվեցի՝ որոշելով իմ մեկնաբանությամբ մատուցել: «Զուլո»-ն զարգացման բավականին երկար փուլ է անցել, քանի որ ամեն համերգի մի նոր հավելում է ստացել ու եկել վերջնական վիճակի: Երբ զգացի, որ պատրաստ է, որոշեցինք տեսահոլովակ նկարահանել»,-պատմում է Վիգենը:

Հոլովակի ռեժիսորը Արմեն Փիրի Մասիհին է: Երգի առաջին իսկ նոտաները լսելով՝ նա առաջարկել է տեսահոլովակի միջոցով բարձրացնել այն հայերի հարցը, որոնք ապրում են տարբեր երկրներում՝ չիմանալով, որ հայ են: Անավարտ են թողել հոլովակի սյուժեն. ո՛չ ցանկանում են, որ Զուլոն գա, հասնի Հայաստան, ո՛չ էլ մնա օտար երկրում: Ամեն մեկը յուրովի է դա տեսնելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս