Բաժիններ՝

Որտե՞ղ են զոհվել Գորիսի կամավորական ջոկատի 4 տղաները, եթե համայնքապետի կոչով և նրա գլխավորությամբ ձևավորված ջոկատը ոչ մի տեղ չի կռվել. Լազր Յուզբաշյանը՝ Արմեն Խաչատրյանին

Իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը պետք է պատասխանի մեկ հարցի՝ որտե՞ղ են զոհվել Գորիսի կամավորական ջոկատի 4 տղաները, եթե ըստ իր կարճ հիշողության, համայնքապետի կոչով և նրա գլխավորությամբ ձևավորված ջոկատը ոչ մի տեղ չի կռվել։ Արմեն Խաչատրյանը լավ գիտի, բայց նաև ի գիտություն՝ Գորիսի համայնքի ղեկավարի կոչով, ԵԿՄ-ի հետ համատեղ Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ Գորիսում ձևավորվել է 250 հոգանոց ջոկատ, որը հոկտեմբերի 2-ին Կուբաթլիում էր, իսկ հոկտեմբերի 3-ին` Ջաբրայիլում։ Մինչև հոկտեմբերի 16-ը Գորիսի ջոկատը Ջաբրայիլում 4 զոհ է տվել, ծանր վիրավորներ, իսկ հոկտեմբերի 16-ին տղաներն արդեն վերադարձել են՝ Սյունիքի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Սահմանին տարվող աշխատանքների մասին ո՞վ կարող է հերքել, թե ինչ ծավալի ինժեներական աշխատանքներ են տարվել, երեք անգամ դիրքերը զիջելու հրաման է տրվել, տղաները հետ են քաշվել և ամեն անգամ նորից հսկայական ծախսեր են արվել, նորից խրամատ փորվել։ Դուք անձամբ տեղեկացված եք, չէ՞, թե այդ բոլոր աշխատանքները ի՞նչ միջոցներով են իրականացվել և ո՞ւմ նախաձեռնությամբ։ Ամեն նահանջից հետո ողջ ջոկատը մեկ մարդու պես համայնքի ղեկավարի հետ միասին, իրենից կախված ամեն ինչ է արել բանակի կողքին կանգնելու, սահմանի պաշտպանությունը ապահովելու համար։

Ոչ ոք չի մոռացել, որ մարտի դաշտ գնացող ջոկատը առաջին անհրաժեշտության ամենատարրական պարագաներն անգամ չի ունեցել, սակայն ընդամենը երկու օրվա ընթացքում ամբողջ ջոկատն ապահովվել է զրահաբաճկոններով, կապի միջոցներով, գիշերային տեսանելիության սարքերով, քնապարկեր, վրաններ, այն դեպքում, երբ ինժեներական աշխատանք կատարելու համար անգամ մեկ բահ չի եղել։ Դուք շատ լավ գիտեք, չէ՞, թե ովքեր են ամբողջ ջոկատին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, ինչ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի կամավորները ոչնչի կարիք չունենան, իսկ անձամբ Դուք Ձեր սեփական միջոցներով ի՞նչ եք արել։

Մեր սրտացավ հայրենակիցները, դրսում ապրող գորիսեցիները, Վերիշենից և այլ տեղերից ևս ջոկատին հասցրել են անհրաժեշտ ամեն ինչ՝ տաք հագուստ, սաղավարտներ, ճտքակոշիկներ, երկրի համար այդ ծանր իրավիճակում մեր հայրենակիցները փորձել են կանգնել սահամանին կանգնած յուրաքանչուրի կողքին, ինչի համար շնորհակալ ենք։ Դուք անձամբ եք միջնորդել որպեսզի Ռուսաստանից եկող զրահաբաճկոնները ոչ թե մաքսատնից հասնեն ՊՆ պահեստներ, այլ ուղիղ ջոկատին։ Փառք ու պատիվ մեր բանակին, մեր տղաներին, խոնարհումս բոլոր այն տղաներին, ովքեր ընկան մարտի դաշտում։ Դուք տաքուկ տեղերում տեղավորված այսօր հեշտությամբ վարկաբեկում եք, հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ կամավորին, բայց պետք է նաև լուրջ հետևություններ անեք, որ պատասխան եք տալու։ Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր՝ մարզի 400 հոգանոց ջոկատի աչքերին ուղիղ պետք է նայեք և փորձեք պատճառաբանել, թե ինչը դրդեց Ձեզ ցեխ շպրտել կռված տղաների անցած ճանապարհին։ Բավականին լուրջ պատրաստվեք, որովհետև ամոթի խարանը դեռ երկար ժամանակ է զգացնել տալու։

Գորիսի Կամավորական ջոկատի անդամ

Լազր Յուզբաշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս