«Երևանի կենտրոնում կա թանգարան, որի գույքահարկը 2 մլն-ից վերածվելու է 30 մլն-ի, պատկերացնո՞ւմ եք, թե թանգարանի մուտքի տոմսն ինչքան է թանկանալու». Մարկոս Հարությունյան
Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն անդրադարձավ գույքահարկի բարձրացման հարցին: Հիշեցնենք, որ ԱԺ որոշմամբ՝ այն սկսել է բարձրանալ այս տարվանից սկսած՝ աստիճանաբար՝ մինչև 2024 թ.:
«Ես կարծում եմ, որ մեր հանձնաժողովները՝ Գույքի և հողի հանձնաժողովները, գները չափազանց բարձր են գնահատում, ինչից էլ բխում է երկրորդական շուկայի արհեստական թվերի մեծացումը գումարների: Դեռևս անցած տարի, երբ փոխքաղաքապետը Հայկ Սարգսյանն էր, ես ասել եմ, որ մենք իրավունք չունենք այդ գործունեությունն այդպես անելու, քանի որ արհեստական փուչիկ ենք փչում երկրորդական շուկայի համար՝ գումարներն ավելի ենք շատացնում: Ինքներս եթե ավելացնում ենք այդ գումարները, ապա ինքներս մեզ հակասում ենք, քանի որ գույքահարկի նոր օրենքով Կադաստրի պետական կոմիտեն՝ գույքը, գույքի հողը գնահատում է շուկայական արժեքի մոտարկված գնով: Գալիս է մեր հանձնաժողով հողը լինում է, օրինակ՝ 24.000 դրամ, վաճառում ենք 60.000 դրամ:
Կարծում եմ, որ էդ մի քանի միլիոն դրամը, որ բերում ենք բյուջե, բյուջեին դրանով լավություն չենք անում, որովհետև նույն առնողը անշարժ գույքի հարկը մուծելուց արդեն խնդիր է ունենալու, որովհետև Կադաստրի պետական կոմիտեն հստակ ասելու է, որ՝ եթե դու էս 300 քմ-ն առել ես 40 մլն, ուրեմն դու ընդունում ես, որ քո գույքը 40 մլն-անոց գույք է, չնայած դա այդքան էլ էդպես չի, որովհետև շատ մարդիկ ճարահատյալ են առնում, օրինակ՝ շենք սարքողները, հանձնաժողովն էլ պարզ հասկանում է, որ ինչ գին էլ սահմանենք, մեկ է, ինքն իր կառուցապատումն անելու համար էդ գինը տալու է՝ առնի»,- ասաց Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ գույքահարկի բարձրացումն ազդելու է բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ մշակույթի:
«Էն, որ մենք ավել հարկ ենք մուծում, դա ամենևին չի նշանակում, որ մուծեցինք, ու այդքանով վերջացավ, պետք է հասկանանք, որ խանութները, կաֆեները, թատրոններն ու թանգարանները, մնացած ինչից մենք օգտվում ենք առօրյայում, էդ մարդկանց հարկերն էլ ա բարձրացել: Եթե էդ մարդիկ շահույթ հետապնդող են, դա նշանակում է, որ ամենևին իրենց նեղություն չեն տալու ու իրենց շահույթից չեն վճարելու ավելացած հարկը, գներն են բարձրացնելու, ու դա էլի ազդելու է մեզ վրա: Ես գիտեմ, որ Երևան քաղաքի կենտրոնում կա թանգարան, որի գույքահարկը 2 մլն-ից վերածվելու է 30 մլն-ի, պատկերացնո՞ւմ եք, թե թանգարանի մուտքի տոմսն ինչքան է թանկանալու, մենք սրանով մշակութային կյանքն ենք խթանո՞ւմ Երևանում: Եթե մենք ոչ մի գործ չանենք, Երևանը գնալով զարգացում չի ապրելու, զարգացումը չենք տեսնելու, հետո էլ դուք եք գնահատելու, որ Երևանը դժգույն ու դժբախտ քաղաք էր»,- ասաց Հարությունյանը: