Բաժիններ՝

Հայաստանը կորոնավիրուսի համավարակի պատվաստանյութի ձեռքբերման պայմանագիր դեռևս չունի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-ին Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտնել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն 300 անձ է պատվաստվել։

«Դեռ միայն Covid կենտրոնների բուժաշխատողներին ենք պատվաստում և միայն «Սպուտնիկ V» ենք կիրառում։ Սակայն, երբ պատվաստանյութերի այլ խմբաքանակները գան Հայաստան, ավելի մեծ թվով և ավելի լայն զանգվածների շրջանում պատվաստումներ կիրականացնենք»,- ասել էր նախարարը։

Ավանեսյանի խոսքով` բոլոր այն պատվաստանյութերը, որոնք հաջողությամբ անցել են կլինիկական հետազոտության փուլերը և մասնագիտական խորհուրդների, կառույցների կողմից նախնական թույլտվություն են ստացել դրանց արդյունավետության վերաբերյալ, արդեն իսկ մասնագիտական, գիտական ապացույցներ կան:

168.amԱռողջապահության նախարարի մամլո խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեց՝ Հայաստանն արդեն ունի՞ որևէ պայմանագիր որևէ պատվաստանյութի ձեռքբերման համար, և մինչ այս պահը ՀՀ-ում 1030 անձի համար առկա պատվաստանյութը որպես նվիրատվությո՞ւն է տրամադրվել։

Ի պատասխան՝ նա ասաց․ «Այո, Ռուսաստանի նվիրատվության մասին է խոսքը, 1030 անձի համար 2 դեղաչափով «Սպուտնիկ V» ենք նվեր ստացել ու հիմա դրանով` կամավորության սկզբունքով, պատվաստվում են կորոնավիրուս սպասարկող կլինիկաների բժիշկները: Դեռ այլ քանակի ու տեսակի պատվաստանյութ ՀՀ-ում չունենք, դեռ պայմանագիր էլ չունենք, իսկ «Սպուտնիկ V»-ի համար պայմանագիրը կնքման փուլում է»:

Հարցին՝ AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի հետ կապված է՞լ է պայմանագիր կնքվելու, ԱՆ խոսնակը հայտնեց, որ «Քովաքս ֆսիլիթի» հարթակի առաջարկներն են, հիմա դիտարկում են, թե որը կբերեն Հայաստան:

Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V»-ի կիրառումը թույլատրված է Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում և այլ երկրներում։

Փետրվարի 18-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավանեսյանն ասել էր, որ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերի կիրառմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս