«Իհարկե, Սյունիքն անվտանգ է, ինչ-որ մեկին թշնամու կողմից վնաս հասցվե՞լ է». Իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի մեկնաբանությամբ՝ ՀՀ-ում ռազմական դրությունը չեն հանում, քանի որ ականաջալուր են լինում պաշտպանական գերատեսչության կարծիքներին։

«Թողենք թող պաշտպանակ գերատեսչությունը գնահատի իրավիճակը և իրենք ասեն, թե երբ է  պետք հանել ռազմական դրությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։

Անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր անվտանգությանը՝ Արմեն Խաչատրյանը նկատեց, որ այնտեղ ինքնապաշտպանական ջոկատներ էին կազմվել, և Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում բոլոր համայնքներն ակտիվ մասնակցել են թիկունքային աշխատանքներին։

«Սյունիքում թիկունքային աշխատանքները բավականին լավ էին կազմակերպվել, այդ աշխատանքների մի մասին անձամբ մասնակցություն եմ ունեցել։ Սակայն սա չի նշանակում, որ երկիրն այնպիսի վիճակում էր, որ համայնքապետերը պետք է ջոկատ կազմեին ու գնային պայքարելու թշնամու դեմ, նման բան չի եղել, որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, և դրա անհրաժեշտություն չկա։ Որևէ համայնքապետի կամ համայնքապետի ջոկատ տեսե՞լ եք, որ պայքարի ադրբեջանցու դեմ, և որտե՞ղ է այդ պայքարը եղել, ուզում եմ իմանալ»,- նշեց պատգամավորը։

Նա նաև խոստովանեց, որ եղել է  այնպիսի իրավիճակ, որ համայնքի ղեկավարը հանդիպել է ադրբեջանցի սպայի հետ, այնուհետև ահազանգել է պաշտպանության կորպուսի հրամանատարությանը, որն անմիջապես ժամանել է այդ վայր, և ադրբեջանցիների հետ սկսվել են բանակցություններ։

«Սակայն այդ հարցը շատ արագ լուծվեց, սահմանապահ զորքերն իրենց ամբողջ կազմով լծված են այս աշխատանքին, և այսօր բացառում ենք որևէ քաղաքացու շփումը որևէ ադրբեջանցու հետ։ Որևէ քաղաքացի այսօր ադրբեջանցիների հետ չի կարող բանակցությունների մեջ մտնել, այդ խնդիրը լուծվում է։ Բավականին բարդ գործընթացներ են, սակայն պետությունն իր դիրքերի մեջ է, և որևէ մեկի անձնական նախաձեռնությունն այստեղ անհրաժեշտ չէ, որպեսզի ինչ-որ բան անի։ Իհարկե, Սյունիքն անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում, այսքան ժամանակ ի՞նչ է  եղել Սյունիքում, պատերազմից հետո ինչ-որ մեկը Սյունիքում վնաս կրե՞լ է, ինչ-որ մեկին թշնամու, հակառակորդի կողմից վնաս հասցվե՞լ է, ինչ-որ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս կրե՞լ է»,- համոզված պնդեց Արմեն Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս