«Դեռ քննարկո՞ւմ են… Ընտրությո՞ւն… Այս մղձավանջո՞ւմ…». Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեռ քննարկու՞մ են
Ընտրությու՞ն…
Այս մղձավանջու՞մ…
Այս վարչակարգի օրո՞ք…
Առանց իրավիճակի կայունացմա՞ն…
Առանց հարյուր հազարավոր ընտրողների մասնակցությա՞ն…
Առանց զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների մասնակցությա՞ն…
Դուք նորմա՞լ եք…

Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս պայմաններում, առանց իրավիճակի կայունացման անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումն ակնհայտ արհեստական օրակարգ է, անհեթեթություն, իսկ գործնականում` անարդյունավետ և ապակայունացնող գործոն:

Մի կողմ թողնենք այս շինծու օրակարգի հեղինակների և ջատագովների բարոյական ու քաղաքական կերպն ու շարժառիթները:

Մի քանի պարզունակ այլ հարցադրումներ ու հանգամանքներ կան, որոնք անհնար է անտեսել:

Նախ` եթե պատկերավոր ներկայացնենք, ապա իրավիճակը հետևյալն է:

Դարավոր ու պատմական թշնամին մտել է քո քաղաք (նշում եմ քաղաք, որովհետև ցավոք` շատերի մոտ երկրի ընկալումը լիարժեք չէ): Ստացվել է այնպես, որ քո քաղաքի քաղաքապետ էր կարգվել քո դարավոր ու պատմական թշնամու վաղեմի գաղափարակից հպատակը: Հիմա թշնամին բռնազավթել է քաղաքի մի զգալի մասը, ամեն ինչ խառնել է իրար, սպանել է քո երեխաներին, մյուսներին` դարձրել հաշմանդամ, անհետ կորցրել, գերեվարել, ընտանիքիդ պատանդ վերցրել, իսկ դու այդ հոգեվիճակով և այդ պայմաններում պետք է ինչ-որ նախընտրական ծրագրեր քննարկե՞ս` ծրագրերի լավ ու վատ անե՞ս:

Դուք նորմա՞լ եք, տիկնայք և պարոնայք…

Սա նորմա՞լ է…

Ասացեք խնդրեմ` այդ ինչպե՞ս են այսօր, կամ թեկուզ երկու ամիս անց նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու հազարավոր զոհվածների, տասնյակ հազարավոր վիրավորների, առավել ևս` անհետ կորածների, կամ գերեվարվածների հարազատները, բարեկամները, մտերիմներն ու ընկերները:

Այդ ինչպե՞ս, կամ ի՞նչ ակնկալիքով են նախընտրական ծրագրեր ուսումնասիրելու և քննարկելու մի քանի տասնյակ հազար անտուն և անգործ մնացածներն ու նրանց հարազատները:

Եվ վերջապես, այդ ի՞նչպես են նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու դաժանորեն խաբված, ամեն ինչից հիասթափված, հուսալքված և արտագաղթի ճամփան բռնած հարյուր հազարավոր ընտրողները:

Վերը նշված մարդիկ ինչպե՞ս են մասնակցելու, կամ մասնակցելու ե՞ն, կասե՞ք… Կասե՞ք, թե այդ ընտրությունների արդյունքներին ո՞վ է հավատալու:

Իսկ մի գուցե այս օրակարգի հեղինակներն ու ջատագովները ձգտում են, որպեսզի նրանք չմասնակցե՞ն: Կամ մի գուցե կրկին հույսեր են փայփայում, որ կգործադրվի 2018 թվականի զանգվածային հոգեխանգարմունքի պահին կատարված «ընտրության» սցենա՞րը: Այն է` ծայրահեղ էյֆորիա (որին այժմ փոխարինել է համազգային ողբն ու հիասթափությունը), անծրագիր, սուտ խոստումներով հագեցած դատարկաբանություն, զրպարտություն ու բամբասանք` համեմված հիստերիկ բղավոցներով,

և…

Ահավասիկ` իբր լեգիտիմ ընտրությու՞ն…

Հեղինակների և նրանց կից անհատների շարժառիթները պարզ են, իսկ սատարողներն ու ջատագովները` պատկերացնու՞մ են, թե ինչ են առաջարկում… Թե՞ կրկին պատգամավոր կարգվելու մարմաջն ու վերջին հույսը շատ ավելին են իրենց համար, քան հայրենիքի և պետության անվերադարձ կորուստը:

Եթե մի պահ նույնիսկ անվտանգության ու սոցիալական տարրերը մի կողմ թողնենք, ապա համոզված կարելի է պնդել, որ սա երկիրն ու պետությունը վերջնական գժանոցի վերածելու սցենար է` ուրիշ ոչինչ:

Ադրենալինի պակաս ունե՞ք, ժողովուրդ…

Առանց գործող վարչակարգի լիարժեք հեռացման, առանց առնվազն վեց ամսվա ընթացքում իրավիճակը շտկելու և կայունացնելու` ընտրության կազմակերպումը ոչ մի կերպ չի կարող լիցքաթափել և լուծել խնդիրը, դա` սին պատրանք է:

ՀԳ

Լավ, հասկացանք, պարզ դարձավ, որ ԱԺ մեծամասնության մնացած 80 հոգու մեջ ազգությամբ Հայ չկա, իսկ մի 40 հոգի բանական մարդ էլ չկա՞…

80-ից` ընդամենը 40 հոգի բանական մարդիկ, ուրիշ ոչինչ` որպեսզի անհապաղ վերջ դրվի այս համազգային մղձավանջին»:

Տեսանյութեր

Լրահոս