Դպրոցը կանգնած է փլուզման առջև. Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտարարություն է տարածել
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից վերջ տալ իր կողմից նշանակված տնօրենի անօրինակություններին, ազատել նրան աշխատանքից և նշանակել դպրոցի տնօրենի նոր ընտրություններ: Այս մասին հայտարարություն է տարածել Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը:
«ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանցավոր անգործության պայմաններում դպրոցում իշխում է ամենաթողություն, ինչի դեմ 40 օր պայքարող մանկավարժական կոլեկտիվի ձայնը տարածվել է ամբողջ աշխարհում, բայց արձագանք չի գտնում լիազոր մարմնի կողմից: Չանհանգստանալով, որ ծայրահեղ քայլի` գործադուլի դիմած մանկավաժներին արհամարելը կաթվածահար է արել դասապրոցեսը, վերադաս մարմինները ուղղորդել են իրենց դրածո Ք. Առաքելյանին դիմել դատարան` անօրինական ճանաչելու մանկավարժների գործադուլ անելու սահմանադրական իրավունքը: Ինչից հետո ճնշումներով, բոլորին աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել լռել ու հաշտվել աղաղակող անարդարության հետ: Դատարանը կարճել է դատական գործը և գործադուլը ա ն օ ր ի ն ա կ ա ն չի ճանաչել (հակառակը պնդողները թող հրապարակեն դատարանի որոշումն ամբողջությամբ): Ինչից հետո սպառնալիքներից գործի անցնելով, դրածո տնօրենը աշխատանքից ազատել է նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Արմեն Ավագյանին, մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Մարիա Հանիսյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Գրիգորյանին, տնտեսվար Նունե Քամալյանին, դռնապահ Մարուսյա Հովհաննիսյանին: Ավելի վաղ, ըստ բանավոր հայտարարությունների, ազատվել էր պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը: Նման ապօրինի և անգրագետ քայլերը առաջիկայում կանխելու նպատակով, ազատված աշխատակիցները նույն օրը դիմել են դատարան: Մ. Բաբայանը դիմել է դատարան Ք. Առաքելյանի տնօրեն նշանակվելու նախարարի հրամանը անվավեր ճանաչելու պահանջով: Միևնույն ժամանակ բողոք է ներկայացվել Կոտայքի մարզի դատախազություն ոստիկանության` իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու ,«ազատված» ուսուցիչներին բռնի ուժով դպրոցից դուրս հանելու վերաբերյալ:
Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից վերջ տալ իր կողմից նշանակված տնօրենի անօրինակություններին, ազատել նրան աշխատանքից և նշանակել դպրոցի տնօրենի նոր ընտրություններ:
Մանկավարժների տարիների անդուլ աշխատանքի շնորհիվ ձեռք բերված հեղինակությանը ծանր հարված է հասցվել: Դպրոցը կանգնած է փլուզման առջև: Պահանջելով իրենց աշխատանքից ազատված ընկերների վերադարձը` մանկավարժական կոլեկտիվը շարունակում է գործադուլը:
Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվ»: