Ֆեյք հեղաշրջման մասին, կամ ինչից մեռավ «Ոսկե ձկնիկի» պառավը

Օնիկ Գասպարյանի «հեղաշրջումը» սառը ցնցուղ էր բոլորիս համար, քանի որ մենք ավելի շատ հակված ենք հրաշքների, քան հետևում ենք իրական գործընթացներին։

Եկեք հիշենք, թե ինչպես սկսվեց մեր հարափոփոխ օրակարգում արդեն շատ հին՝ 2 օր առաջ ավարտված պատմությունը․ Նիկոլ Փաշինյանը «Իսկանդեր» հրթիռների մասին հիմարություն բլթացրեց, ԳՇ պետի տեղակալը ծիծաղեց դրա վրա, ինչի համար սրան հանեցին գործից և գեներալները ըմբոստացան ու պահանջեցին Նիկոլի հրաժարականը։ Այսինքն, այն նույն գեներալները, ովքեր պարտվեցին պատերազմը և նրանցից ոչ ոք ինքնասպան չեղավ, ոչ ոք հրաժարական չտվեց, անգամ ոչ ոք Աննա Հակոբյանին չկարողացավ հանել բունկերից, հիմա ըմբոստացան։

Հիշենք ևս երկու գործոն․ նախ սրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի կողմից հապշտապ աճեցված ու այս պաշտոններին նշանակված գեներալներն էին, այսինքն՝ Նիկոլի գեներալներն էին, հետո՝ սրանց և քաղաքական ընդդիմության միջև կապ չկար, այս բռնկումը չափազանց սպոնտան էր ու ավտոնոմ։

Իհարկե, գտնվեցին տրամաբանող ձայներ, ովքեր ցանկանում էին հասկանալ գեներալների հանկարծակի «բռնկման» պատճառները, բայց դրան էլ տրվեցին բացատրություններ՝ թե ցանկանում էին մաքրել պատերազմի իրենց ամոթը, թե ուզում էին խուսափել կոռուպցիոն սկանդալներից, թե Ռուսաստանն էր ասել, և այլն։

Շուրջ երկու շաբաթ այս «հեղաշրջման» շուրջ էմոցիոնալ բարձր լարում ստեղծելով և Արմեն Սարգսյանի հետ Սահմանադրությունը լմլմացնելով, այսինքն՝ շատ մեծ սպասումներ առաջացնելով, հանկարծ Օնիկ Գասպարյանը հրաժարական տվեց, իսկ գեներալները պատվի առան իրենց կողմից անադեկվատ հռչակված Նիկոլին, ու կյանքը շարունակվեց։

Աշխատեց հայտնի հոգեբանական ֆենոմենը, երբ չափազանց բարձր սպասումները կոտրվում են, մարդիկ, հասարակությունը ընկնում է խորը մանդրաժի մեջ, կարկամում է ու չի կարողանում շարունակել իր գործունեությունը։

Ճիշտ նման մեթոդաբանությունը Նիկոլի տեխնոլոգները կիրառեցին անցած պատերազմի ժամանակ, երբ Արծրունը 44 օր ասում էր «հաղթելու ենք», հետո իմացանք, որ խայտառակ պարտվել ենք, կապիտուլացվել ենք, բայց հասարակությունն անկարող էր բողոքել խայտառակության դեմ, քանի որ կաթվածահար էր եղել շարունակական ստի և իրականության դաժան անհամապատասխանությունից։

Այս ֆեյք դավադրության արդյունքում գեներալ Օնիկը դարձավ շպիոն Օնիկ, հիմա նա կպաշտոնավարի որևէ խորհրդականի պաշտոնում, բայց ընդդիմության և ողջ հասարակության ֆրուստրացիան չափազանց մեծ էր։

Բացի սրանից, «հեղաշրջման» սկանդալը ևս երկու կարևոր արդյունք տվեց։ Առաջինն այն էր, որ Սահմանադրությունը վերջնականապես վերացավ, և այժմ ցանկացած ոք՝ սկսած թերուս պատգամավորից մինչև Յանդեքսի տաքսիստ, իրավունք ունի Սահմանադրություն մեկնաբանելու և այդ մեկնաբանությունը կլինի նույնչափ լեգիտիմ և բոլորը պարտավոր են այն ընդունել։ Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հռոմեական սահմանադրության մի մեկնաբանությամբ կոնսուլ Կալիգուլան իր ձիուն՝ Ինցիտատուսին, կարգեց սենատոր, և դա լեգիտիմ որոշում էր։

Երկրորդ և ամենակարևոր հետևությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը սրանով բոլորին փորձում է ապացուցել, որ իր կազմակերպած արտահերթ ընտրություններին մասնակցելու այլընտրանք գոյություն չունի, որ բոլոր ճանապարհները այլևս փակ են, այդ թվում՝ նաև հեղաշրջման։

Պատահական չէ, որ օնիկյան «հեղաշրջման» տապալումից անմիջապես հետո Էդմոն Մարուքյանը դադարեց խոսել նիկոլական արտահերթ ընտրությունների մասին, քանի որ ինքն արդեն շատ էր վարկաբեկել այդ գաղափարը, և էստաֆետը վերցրեց Նիկոլ Փաշինյանի մյուս alter ego-ն՝ Արմեն Սարգսյանը։

Արտահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը կեղծելու է ամենադաժան ձևով, այդ ընտրություններով նա լեգիտիմացնելու է մեր կապիտուլյացիան և հավերժացնելու է իր իշխանությունը, այնպես, որ դրան մասնակցելը քաղաքական մահ է ոչ միայն մասնակցի համար, այլև կործանում է Հայաստանի համար։

Բժիշկները պնդում են, որ «Ոսկե ձկնիկի» պառավը, երբ ուզում էր դառնալ ալամ-աշխարհի թագուհի, բայց դրա փոխարեն հայտնվեց կոտրած տաշտակի մոտ, մանդրաժից կաթված ստացավ, մեռավ։ Պուշկինը խղճացել է նրան և չի գրել այդ փաստը, բայց բժիշկները հավաստում են։ Իսկ մենք ընդամենը հերթական հիասթափությունը ապրեցինք, չենք մեռել, որ Նիկոլը ստիպի իր կազմակերպած ընտրություններին մասնակցենք։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս