Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է խորացնել ռազմավարական գործընկերությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ. Բայդեն

Միացյալ Նահանգների իշխանությունները նպատակամիտված են ռազմավարական գործընկերության խորացմանը «C5+1» (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ ԱՄՆ) ձեւաչափի շրջանակում: Այդ մասին ասված է Ջո Բայդենի շնորհավորական հեռագրում իր ղազախ պաշտոնակից Քասիմ Ժոմարտ Տոկաեւին՝ առաջիկա Նաուրիզ տոնի առթիվ։

«Իմ վարչակազմը նպատակամիտված է մեր ռազմավարական գործընկերության խորացմանը եւ «C5+1» երկխոսության գործընթացի շարունակմանը, որը պետական քարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ սկսվել է հինգ տարի առաջ»,- նշված է հեռագրում, որի տեքստը մարտի 12-ին մեջբերում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Բայդենը նաեւ հիշեցրել է, որ այս տարի Ղազախստանը նշում է անկախության 30-ամյակը: «Շնորհավորելով ձեզ այդ իրադարձության առթիվ՝ հավաստիացնում եմ, որ իմ վարչակազմը մեծ նշանակություն է տալիս ձեզ եւ Ղազախստանի ժողովրդի հետ աշխատանքին: Երկար տարիների ընթացքում մենք սերտ գործընկերություն ենք հաստատել միջուկային չտարածման, խաղաղության եւ անվտանգության ամրապնդման բնագավառում»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ դիմելով Ղազախստանի նախագահին:

ԱՄՆ-ը եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը, «C5+1» փոխգործակցության նոր ձեւաչափ հաստատեցին 2015 թվականին՝ տնտեսության, բնապահպանության եւ անվտանգության ոլորտներում տարածաշրջանային հարցերի քննարկման համար:

«C+1» ձեւաչափով արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին անմիջակա հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա փետրվարի սկզբին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եվրասիական շրջագայության ժամանակ: Դրա ընթացքում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության եւ Կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովման հեռանկարները, ինչպես նաեւ Աֆղանստանի իրադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս