Բրիտանական կազմակերպությունն Արցախում լրտեսությա՞մբ է զբաղվել.  «HALO Trust»-ի մասին հրապարակումն ուղարկվել է ԱՀ ԱԱԾ

«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով»,- այս աղմկահարույց հայտարարությունը 24News-ի հետ զրույցում արել էր  Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:

168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվեց, թե թեմայի առնչությամբ ի՞նչ մեկնաբանություն ունի նախագահ Արայիկ Հարությունյանը. արդյոք հաստատո՞ւմ է իր ներկայացուցչի փոխանցած տեղեկությունները:

Ի պատասխան՝ Լուսինե Ավանեսյանը հայտնեց. «Ավագյանը չի արտահայտել նախագահի տեսակետը»:

ԱՀ նախագահի խոսնակը նաև տեղեկացրեց՝ Արցախի Հանրապետության դատախազությունն արձագանքել է  թեմային:

Այսպիսով, ԱՀ դատախազության հաղորդագրությունից տեղեկանում ենք. «Սույն թվականի մարտի 11-ին մի շարք լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ  «Բրիտանական «HALO Trust»  ոչ կառավարական կազմակերպությունը, որն  Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները»  (Հղումները` այստեղ., և այլն):

Հիշյալ հրապարակումը ԱՀ դատախազությունն  այսօր ուղարկել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն` ԱՀ քրեական դատավարության  օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»:

Նկատենք՝ ավելի վաղ «ՀԱԼՈ Թրաստը» հայտարարությամբ հերքել էր  տարածվող լուրերը՝ նշելով. ««ՀԱԼՈ Թրաստ»-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թ.-ի  Ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում «ՀԱԼՈ Թրաստ»-ը աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքը անվտանգ դարձնելու համար։ «ՀԱԼՈ Թրաստ»-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն  ոչ-քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակապես սուտ է»:

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից թեմայի առնչությամբ նոր տեղեկությունների հրապարակման դեպքում 168.am-ը կանդրադառնա նաև դրանց:

 

 

Տեսանյութեր

Լրահոս