Ի՞նչ են քննարկել Արմեն Սարգսյանը և Վահրամ Բաղդասարյանը. մանրամասներ
Այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կիրակի օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քննարկել են ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու առաջարկի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Հիշեցնենք՝ մարտի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Վահրամ Բաղդասարյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը:
««Հայրենիքի փրկության շարժումը» պնդել է իր դիրքորոշումը, որ միակ ելքը, միակ լուծումն այն է, որ հակասահմանադրական փաստաթուղթը պետք է ուղարկվի ՍԴ, դա վերաբերում է Օնիկ Գասպարյանի ազատման հրամանին»,- ասաց Բաղդասարյանը:
Հարցին, թե նախագահն ասելիք ունե՞ր շարժման ներկայացուցիչներին, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամը պատասխանեց, որ արդեն 3 հանդիպում են ունեցել Արմեն Սարգսյանի հետ և նրան ներկայացրել են իրենց տեսակետները:
«Երրորդ անգամ կարիք ուներ ինչ-որ դետալներ ճշտելու, խոստացավ, որ մինչև օրենքով սահմանված օրվա վերջը կմտածի, և իր որոշման մասին տեղյակ կպահվի: Ինքն իրավունք ունի մինչև սահմանված ժամկետն ուղարկելու, և չի ասում, որ չեմ ուղարկում, պարզապես ինքը բաներ ունի իր համար ճշտելու»,- ասաց նա:
Բաղդասարյանի համար զարմանալի է, որ նախագահը հապաղում է փաստաթուղթն ուղարկել ՍԴ, սակայն կարծում է, որ նա կշարժվի Սահմանադրությամբ: Հարցին, թե ինչպե՞ս է Արմեն Սարգսյանը բացատրում այն, որ սկզբում հակասահմանադրական է համարել ազատման հրամանը, սակայն հիմա դրա սահմանադրականությունը ստուգելու համար այն չի ուղարկում ՍԴ, Բաղդասարյանը պատասխանեց.
«Նա ասաց՝ ես պնդում եմ, որ հակասահմանադրական է, դա է պատճառը եղել, որ չեմ ստորագրել, չստորագրելու պատճառը հենց դա է եղել, որ հակասահմանադրական է, բայց ես պետք է մտածեմ՝ ինչպես անել, որ ցնցումներից խուսափենք, որ ամենաարդյունավետը լինի, բոլոր կողմերի հետ խոսեմ, դրա համար պետք է ժամանակ»:
Նախագահը հանդիպման ժամանակ նաև պնդել է, թե բացառում է, որ իր նկատմամբ կարող են շանտաժներ լինել: