Սևանում նոր օդանավակայան կառուցել, զարկ տալ տուրիզմին. Իմքայլականի իդեան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ «Իմ քայլի» ծաղկաձորյան հավաքի ժամանակ, երբ որոշվեց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չկա, մեր տեղեկություններով, պատգամավոր Հովիկ Աղազարյանը հորդորել է թիմակիցներին՝ զարգացման նոր նախաձեռնություններով հանդես գալ, աշխուժացնել հետպատերազմական կյանքը եւ տեղում օրինակ է ծառայել՝ ներկայացնելով իր առաջարկը։ Այն է՝ Սեւանում օդանավակայան կառուցել եւ զարկ տալ տուրիզմին։
Աղազարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ունի նման գաղափար, այն հիմնավորեց այսպես․ «Եթե պետությունն իր վրա վերցնի փոքր օդանավակայանի կառուցման հարցը, դա մեսիջ կլինի թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողներին, որ Սեւանի ավազանի մի հատվածը կարող է դառնալ տուրիզմի զարգացման լուրջ կենտրոն»։ Իսկ ինչո՞ւ Սեւանում։
«Որովհետեւ Սեւանի հնարավորությունները մենք լիարժեք չենք օգտագործում, օգտագործում ենք 2-3 ամսվա ընթացքում, էլի՝ ոչ լիարժեք։ Մինչդեռ ձմեռային այդ գեղեցկությունը եթե համադրված լինի ժամանակակից ծառայություններ մատուցող հյուրանոցային համալիրներով, զվարճանքի կենտրոններով, լողավազաններով եւ այլն, ամբողջ տարին հնարավոր կլինի օգտագործել»։
Պատգամավորի խոսքով՝ այս ճանապարհով գեներացված գումարները կարելի է ուղղել «գիտատար արդյունաբերությանը»։ Աղազարյանը շեշտեց, որ դեռեւս սա գաղափարի մակարդակում է, առաջիկայում կփորձի ծրագրի տեսք տալ ու ներկայացնել կառավարություն»: