Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է. Տավուշի մարզպետ
Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Տավուշի մարզպետարանը:
«Հարգելի հայրենակիցներ,
ինչպես տեղեկացրել ենք բազմիցս` հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում սահմանների որոշման ոչ մի գործընթաց չկա և չի նախատեսվում:
Սիրելի տավուշցիներ, մեզ հնարավոր չէ խուճապի մատնել, մեր սահմանները ամուր են նաև ձեզնով:
Կեղծ և պառակտիչ հրապարակումները գնահատում ենք որպես հանցագործություն և հրավիրում իրավապահ մարմինների ուշադրությունը»:
Տարածվող լուրերին սոցցանցում անդրադարձել է նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նա գրել է. «Սիրելի հայրենակիցներ, հանցագործ, կեղծ և անբարոյական մարդիկ նորից շահարկում են մեր սահմանների անվտանգությունը, փոթորկում են սահմանին ապրող մարդկանց հանգստությունը։
Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ ամենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։
Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»: