«Սյունիքում տեղի ունեցածը տեղի է ունեցել պատերազմի սպառնալիքի տակ». Արման Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի խոսքով՝ Արցախի մեծ մասը ոչ թե հանձնվել է, այլ կորսվել է:

«Այդ հարցը շատ եք սիրում տալ, երբ դուք ասում եք՝ Արցախի 75 տոկոս, նկատի ունեք Արցախի 12 հազար քառակուսի կիլոմետրը, որը գտնվում է Արցախի իշխանության վերահսկողության տակ, ճի՞շտ է, դրանից հանում եք 7 շրջանները, Հադրութը և Շուշին: Ես ինչպես էլ որ հաշվեմ, ոչ մի դեպքում չեմ կարող համարել, որ հանձնված է, ես կարող եմ համարել, որ կորսված է, դա շատ մեծ տարբերություն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Եղոյանը:

Այնուհետև  լրագրողների համար բացատրելով, թե որն է հանձնել բառի իմաստը, Արման Եղոյանն ասաց, որ հանձնել նշանակում է՝ ինչ-որ բան ուրիշին ինքնակամ տալ:

«Արցախի մեր իմացած 12 հազար քմ Հանրապետության որևէ հողակտոր ինքնակամ չի տրվել հակառակորդին, հետևաբար՝ այլ կերպ ասած, չի հանձնվել, կա՛մ կորսվել է ուղղակի մարտական գործողությունների հետևանքով, կա՛մ որպես մարտական  գործողությունների անուղղակի հետևանք»,- հավելեց Ա. Եղոյանը:

168.am-ի հարցին՝ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ևս այդ գործողությունների անուղղակի հետևա՞նք են, Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածում թշնամին դիրքեր է փորում, ինչո՞ւ է դիրք փորում այդ հատվածներում, ինչո՞ւ է հայկական կողմն իր դիրքերը զիջում թշնամուն, Արման Եղոյանը պատասխանեց, որ հայկական կողմը որևէ դիրք չի զիջում. «Սյունիքի մարզն ունի սահմաններ, եթե կարծում եք, որ այդ տեղը Գլխավոր շտաբը սխալ է որոշել, եկեք նոր տեղ ասեք, այդ սահմանը մի տեղ ավարտվում է»,- նշեց նա:

Մեր դիտարկմանը, որ թշնամին սահմանները որոշում է GPS-ՈՎ, Արման Եղոյանն ասաց, որ այդ ամենը լուրջ խոսակցություն չէ. «Ասել, թե դա որոշվում է GPS-ով, նույնն է, որ ասեն, թե ես չեմ խոսափողը, այլ այս միկրոֆոնը: GPS-ը գործիք է, որը ցույց է տալիս իրական հողի վրա, թե որտեղ է գտնվում, օրինակ, հյուսիսային երկարության և հարավային լայնության այս կոորդինատը»,- ասաց նա:

Հաջորդ դիտարկմանը, որ մի օր էլ կարող է GPS-ով հասնեն Երևան, Արման Եղոյանը նշեց, որ, եթե Երևանի կոորդինատը գրեն, ցույց է տալիս Երևանը. «Հարցը հիմա ոչ թե GPS-ն է, այլ, թե որտեղ է Սյունիքի սահմանը: Մեր Սյունիքը մի տեղ սահման ունի՞, թե՞ չունի, դե հիմա պատասխանեք իմ հարցին»,- շեշտեց նա:

Դիտարկմանը և հարցին, որ ինքը պետք է պատասխանի լրագրողների հարցին, և այն, ինչ այսօր կատարվում է  Սյունիքում, նորմա՞լ է, երբ ճանապարհներին ադրբեջաներենով գրված է՝ «բարի գալուստ Արբեջան»,  Արման Եղոյանը պատասխանեց. «Նորմալ չէ, առհասարակ շատ բան նորմալ չէ մեր երկրում: Վերջին անգամ մեկ ամիս առաջ եմ եղել Սյունիքում, ձեր ասած ճանապարհով անցա, իհարկե, ցուցանակներ տեսա: Բացված եթե ասեմ, ուրեմն Սյունիքում այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել պատերազմի սպառնալիքի տակ, հասկանալի՞ է»,- եզրափակեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս