Ռուսներին պատրաստվում են կոշտ «հակադարձել». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերի ներհայաստանյան քաղաքական զարգացումները գնալով ավելի ինտրիգային բնույթ են ստանում, ու ցանկացած պահի հնարավոր է որոշակի հանգուցալուծում։ Այս ֆոնին բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաեւ աշխարհաքաղաքական կոնտեքստում։
Ինչպես հայտնի է, ռուսական խաղաղապահների Արցախ մուտք գործելուց հետո հանրության շրջանում պրոռուսական կողմնորոշման նկատելի աճ էր արձանագրվել, ինչն արեւմտյան կողմնորոշում ունեցող կառույցների ու անձանց շրջանում լուրջ անհանգստություն էր առաջացրել։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ-ում գործող հակառուսական բլոկի ուժերին ներքին կարգով հանձնարարություն է իջեցվել հնարավոր բոլոր տարբերակներով հակառուսական ալիքը թեժ պահել եւ հարմար պահերին բաց տեքստով հակադարձել ռուսական շրջանակներից եկող մեսիջներին։
Թերթի տեղեկություններով, նման օրակարգով մարտի 1-ին հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը, որին մասնակցել են ՀՀ քաղաքական դաշտի արեւմտյան ֆինանսավորմամբ գործունեություն իրականացնող ակտիվ ներկայացուցիչները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննադատության «ազդակներն» ուղղակիորեն կապված են լինելու ԱՄՆ-ի նոր աշխարհաքաղաքական քայլերի հետ, այդ թվում՝ տարածաշրջանում»: