Հայաստանի և Շրի Լանկայի ԱԳ նախարարներն ընդգծել են քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու կարևորությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մարտի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Շրի Լանկայի ԱԳ նախարար Դինեշ Գունավարդենայի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով քաղաքական երկխոսության և շփումների ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ` առանձնացվել են բժշկական կրթության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:
Նախարարներ Այվազյանը և Գունավարդենան ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության և փոխաջակցության ամրապնդումը, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման և համամարդկային մարտահրավերների դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերն ամրապնդելու ուղղությամբ:



