Արսեն Առաքելյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Մարտի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Արսեն Առաքելյանին, տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:
Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը: 2004թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2020թ-ից կենսաբանական գիտությունների դոկտոր է:
Արսեն Առաքելյանը 206 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում՝ գրքերում՝ 7, գիտական ամսագրերում՝ 121, գիտաժողովների հավաքածուներում՝ 78 աշխատության: Ունի «Թեսթ-համակարգ շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման համար» արտոնագիր՝ համահեղինակությամբ Ա.Բոյաջյանի և Ա. Խոյեցյանի:
Արսեն Առաքելյանը մասնակցել է 10 դրամաշնորհային ծրագրի, որից 7 ծրագրի ղեկավարն է, 2-ի համաղեկավարը և 1-ի կատարողը:
Որպես ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի 2021-2025թթ. զարգացման ուղղություններ՝ Արսեն Առաքելյանը իր ելույթում նշեց, որ նախատեսվում է խաղողի գենետիկական բազմազանության պահպանման շրջանակներում ստեղծել կոլեկցիոն այգի և ընդհանուր օգտագործման սեքվենավորման լաբորատորիա: Բացվելու է պալեոպրոտեոմիկայի լաբորատորիա: Հայ-Ռուսական համալսարանի բազայի վրա բացվելու է գենային ինժեներիայի լաբորատորիա: Նա կարևորեց ինստիտուտում կադրերի ներհոսքի ապահովումը, կիրառական բնույթի ծրագրերի իրականացումը, հետազոտությունների ֆինանսավորման ծավալների մեծացումը:



