Մեր տունը վառվել էր, ոչ մի բան չենք կարողացել փրկել կրակի ճիրաններից․ Շահումյանի բնակիչ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ժամանակավոր բնակություն է հաստատել Նարինե Մկրտչյանի ընտանիքը, ովքեր իրենց տունը կորցրել են Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով։ Նրանք բնակվել են Շահումյանի շրջանի Զուար գյուղում, որն օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
«Մենք հիմա 8 հոգով՝ 4 անչափահաս, 4 չափահաս, դեկտեմբերի 20-ից վարձով ապրում ենք Աբովյանում, իսկ նախքան այստեղ գալը որոշ ժամանակ բնակվել ենք Վեդիում։ Տան վարձը 80.000 դրամ է, և քանի որ ամուսինս զինվորական է, ստացած գումարը հազիվ բավականացնում է տան վարձը վճարելուն։ Միայն նա է աշխատում, սկեսուրս թոշակառու է, ես էլ չեմ աշխատում, ամենափոքր երեխան 1 տարեկան է, նրան եմ պահում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նարինեն։
Նրա փոխանցմամբ՝ իրենց հետ ոչինչ չեն կարողացել բերել։
«Մեր տունը վառվել էր, ոչ մի բան չենք կարողացել փրկել կրակի ճիրաններից»,- նշեց նա։
Տիկին Նարինեն ասաց, որ Արցախ վերադառնալու մտադրություն ունեն, սակայն բնակարանի խնդիր կա։ Բացի այդ՝ երեխաները հոգեբանական առումով պատրաստ չեն դեռ։
«Ապաստարանում ենք մնացել, երեխաների մեջ վախ կա։ Սակայն, եթե ամեն ինչ վերջնական կարգավորվի, գուցե վերադառնանք»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ընտանիքն օգտվել է նաև կառավարության կողմից հատկացված սոցիալական աջակցության ծրագրից, ստացած գումարով որոշ չափով կարողացել են հոգսերը հոգալ։ Աջակցել է նաև Կարմիր խաչը, երեխաներին պլանշետ են նվիրել։
Այս պահին ունեն սնունդի, հագուստի, գումարի կարիք։ Օգնել հնարավոր է «Արարատբանկում» բացված հաշվեհամարի միջոցով, որը Նարինե Մկրտչյանի անունով է՝ 15100221581315։