«Որոշ զինվորականներ պետք է զերծ մնան ու զերծ կմնան քաղաքականությունից». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ որևէ լուրջ խնդիր  իշխանության ու բանակի միջև չկա, փոխարենը՝ կա խնդիր բանակի վերնախավի 1-3 հոգու հետ:

«Ինքնին այդ հայտարարությունն անօրինական հայտարարություն էր, դրա անօրինականությունը կայանում է նրանում, որ բանակը քաղաքական գործընթացներում չի կարող որևէ կերպ հանդես գալ, օրենքը դա արգելում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի դրդմամբ է Օնիկ Գասպարյանը նման հայտարարություն տարածել, կա՞ որևէ ապացույց,  Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի, եթե այդ հարցին պատասխանեն Օնիկ Գասպարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինձ զերծ կպահեմ որևէ մեկնաբանությունից, վստահեցնում եմ, նաև պատմությունն է դա ցույց տալիս, Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն չկա, որն իր տակ առնվազն մեկ-երկու փաստ չունենա: Ես շատ լավ եմ գնահատում Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունը, որը բազմաթիվ հարցերի պատասխան ու լուծում է տալիս: Ես չեմ ուզում շատ մանրանամ: Կրկնում եմ՝ քաղաքականությունից որոշ զինվորականներ պետք է զերծ մնան ու զերծ կմնան»,- հավելեց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա, երկրում ստեղծված քաղաքական գործընթացների հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով, և այլ տարբերակ անհնար է, ինչի համար կանեն ամեն ինչ,  որպեսզի հնարավորինս միասնական դիրքորոշում ձևավորվի:

«Ես վստահ եմ, որ այս պահին կա համաձայնություն՝ սեղանի շուրջ նստել ու քննարկել, խոսքը ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մասին է: Մեզ մոտ կա համաձայնություն, որպեսզի նստենք ու այդ քննարկումը սկսենք: Շատ կարևոր է քաղաքական պրոցեսները շարունակել, որովհետև, երբ այդ պրոցեսները չեն շարունակվում, լինում են տհաճ դեպքերը, որոնց մենք ականատես եղանք: Գիտեք, որ ես ի սկզբանե կողմ էի արտահերթ ընտրությունների, ստացվեց, որ ես ճիշտ էի, մենք այնուամենայնիվ գալու էինք այդ խոսակցությանը, և եկանք: Մենք պետք է գնանք ու ՀՀ քաղաքացիներից ստանանք այն հարցի պատասխանը, թե ո՞վ է Հայաստանում իշխանությունը»,- շեշտեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս